Հաղթանակի կամրջից մինչեւ Լենինգրադյան փողոցն ընկած հատվածում երեկ՝ օգոստոսի 7-ին, 19։00-ից 21։00-ն ընկած ժամանակահատվածում մեծ խցանում է ստեղծվել։ NEWS.am ահազանգած քաղաքացին պատմեց, որ պատճառը գազատար խողովակի հետ կապված շինարարությունն է եղել։ Ինքն այդ ժամանակ եղել է 26 համարի ավտոբուսում, ջերմաստիճանը եղել է +38 աստիճան, օդորակիչ չի եղել, ավտոբուսում եղել են մեծ թվով մարդիկ, ինչն ավելի շատ անհարմարություններ է ստեղծել քաղաքացիների համար։
«Սկզբում մի երիտասարդ աղջիկ ուշագնաց եղավ։ Խնդրում էինք դուռը բացել, վարորդը չէր բացում՝ պատճառաբանելով՝ կտուգանեն, այդպես վեճ սկսվեց վարորդի եւ տարեց ուղեւորի միջեւ։ Ի վերջո, դուրս եկա ավտոբուսից, մի քանի կանգառ հետո՝ Լենինգրադյան-Սեբաստիա խաչմերուկում, խցանումը վերացել էր։ Նորից նստեցի այդ ավտոբուսը։ Այդ ժամանակ էլ մի պատանի ուշագնաց եղավ, վարորդն էլ հրաժարվում էր կանգառից դուրս արգելակել»,- նշեց մեր զրուցակիցը։
Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ խցանման պատճառ դարձած շինարարությունը վերաբերում է Աջափնյակ վարչական շրջանում նոր գազատարի կառուցմանը։ Ավարտը նախանշված է սեպտեմբերին։
«Քանի որ աշխատանքի ծավալը մեծ է, այդ գազատարին սպասող մարդկանց թիվը՝ եւս, չենք կարող մարդկանց երկար ժամանակ սպասեցնել, դրա համար ամենօրյա ռեժիմով է կազմակերպվում աշխատանքը, որ հետո նաեւ ասֆալտապատում իրականացվի, եւ հանձնվի շահագործման։ Հասկանում ենք քաղաքացիների անհարմարությունները, բայց պետք է գործենք հնարավորինս արագ»,- ասաց Կոստանյանը։