Գերմանիան Ուկրաինային կտրամադրի 25 Leopard 1A5 տանկ, ինչպես նաև վերանորոգման և տեղահանման համար ծառայող հինգ զրահապատ մեքենա և երկու ուսումնական տանկ, DW-ի հարցմանը պատասխանել է Գերմանիայի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։
Այս զինտեխնիկան Կիևին կտրամադրվի ի լրումն նախապես հայտարարված մատակարարումների, նշել է պաշտոնյան։
Ըստ նրա, Գերմանիան հայտարարել էր Leopard 1A5 տանկերը Ուկրաինային փոխանցելու մասին հուլիսին Վիլնյուսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։
Մեկ օր առաջ գերմանական Handelsblatt թերթը հայտնել էր, որ Rheinmetall-ը գնել է 50 Leopard 1 մոդել բելգիական OIP Land Systems ընկերությունից՝ հետագայում Ուկրաինա առաքելու համար: Վերանորոգումից և վերազինումից հետո Կիևը կկարողանա մոտ 30 տանկ ստանալ, պնդում է թերթը՝ վկայակոչելով պաշտպանական արդյունաբերության անանուն աղբյուրները։ Ինչպես DW-ին պարզաբանել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, իր գերատեսչությունը, որպես կանոն, չի հաստատում գերմանական պաշտպանական ընկերությունների կողմից երրորդ ընկերությունների հետ որևէ պայմանագրերի կնքումը։