Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն օգոստոսի 9-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ։

Քննարկվել են Բաքվի եւ Վաշինգտոնի համագործակցության հարցերը, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ իրավիճակը Հարավային Կովկասում։


Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Բայրամովն ասել է, որ «Հայաստանը միտումնավոր սրում է իրավիճակը տարածաշրջանում եւ խանգարում խաղաղ գործընթացին»։

Նա ընդգծել է Ադրբեջանի դեմ Հայաստանի տարածքային պահանջների անընդունելիությունը, Ադրբեջանի տարածքից հայկական Զինված ուժերի ամբողջությամբ դուրս բերելուց հրաժարվելը եւ երկրի ներքին գործերին միջամտությունը։

Բայրամովն ասել է, թե Հայաստանը շարունակում է սադրանքները իր տարածքում ստեղծած Լաչինի սահմանային անցակետի դեմ, սակայն․ «չնայած դրան, մեր երկիրը պայմաններ է ստեղծում երկու ուղղություններով հայազգի բնակիչների անցման համար»։

Նա ավելացրել է, որ «չնայած Աղդամ-Խանքենդի ճանապարհի եւ բեռնափոխադրման այլ ուղիների մասին Ադրբեջանի առաջարկին, հայկական կողմը խոչընդոտներ է ստեղծում բեռնափոխադրումների հարցում եւ հրաժարվում է այդ ճանապարհներով բեռնափոխադրել, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է, որ շրջափակման եւ հումանիտար իրավիճակի մասին հայկական կողմի հայտարարությունները քաղաքական շահարկումներ են։