Դատավոր Գագիկ Պողոսյանը սեպտեմբերի 23-ին կհրապարակի Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատավճիռը: Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում կայացած նիստից հետո դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ համապատասխան դատական ակտ կազմելու: Դատական նիստի ընթացքում Գագիկ Պողոսյանը պաշտպանական ճառով հանդես գալու հնարավորություն տվեց գործով ամբաստանյալ Սամվել Հարությունյանին, ով, սակայն, ժամանակ խնդրեց` ճառին պաշտպանվելու համար: Դատավորի հարցին, թե ինչո՞ւ նա պատրաստ չէ, աբաստանյալը պատասխանեց, թե չի հասցրել: Ամբաստանյալ Վարդան Սեդրակյանն իր ճառում ասաց, թե որևէ փաստ չկա, որը կապացուցի Պարույր Հայրիկյանը սպանելու նպատակ ունենալու մասին: Ըստ նրա՝ մեղադրողը արժանահավատ է համարել նախաքննական ցուցմունքները. «Այդ դեպքում մի անհամեստ հարց: Ինչի՞ համար է այս դատաքննությունը: Միանգամից, պարո՛ն դատախազ, կարող էիք գալ բանտախուց, միայն նախաքննության եղած ցուցմունքների հիման վրա դատապարտեիք, մեղադրանքը ներկայացնեիք, հաստատեիք ու գնայիք»: Ըստ Սեդրակյանի՝ եթե լիներ սպանության նպատակ, ապա ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը, ով Աֆղանստանում է կռվել, կկարողնար կատարել իր ցանկությունը. «Կշարեր, կմեխեր խաչուփաչ, կթողներ կգնար»: Վարդան Սեդրակյանի խոսքով` դատախազն այդպես էլ չի խոսել հանցագործության դրդապատճառների մասին: Ըստ Սեդրակյանի` ստացվում է՝ «ինքը կատարյալ անմեղսունակ է, կատարյալ ապուշ», իբր թե ինքը պատվիրել է սպանությունը իր աշխատողներին, նրանց ուղարկել է Պ. Հայրիկյանին հետևելու իր անունով գրանցված ավտոմեքենայով, ծառայության համար վճարվելիք կոնկրետ գումարի մասին չեն խոսել. «Խաչատուրը հարցնում է Սամվելին, Սամվե՛լ, բա Վարդանը ինչքա՞ն է մեզ տալու, Սամվելը ասում ա՝ Վարդը ասեց՝ դիլխոր չեք մնա»: Վ. Սեդրակյանը անհեթեթություն որակեց մեղադրական ճառը. «Մարդուն մեղադրել, 12 տարվա սռոկ կարդալ մարդու վրա, որովհետև այդպես է ենթադրում Խաչատուր Պողոսյանի զոքա՞նչը, պարո՛ն Ամիրզադյան: Իսկ միգուցե Խաչատուր Պողոսյանի զոքանչը ուրիշ բան էլ է ենթադրում: Եվ մի կարևոր հարց: Ինչի՞ց որոշվեց, որ այդ կինը վկա է: Որքան ես գիտեմ, Քրեական օրենսգրքով հստակ նշվում է՝ որն է վկան: Ցույց տվե՞ց ինքը աղբյուրը կամ ցույց տվե՞ց ինքը ինչ-որ հանգամանք: Եվ հարց առաջացավ, իսկ ինչո՞ւ իմ զոքանչին գործի մեջ չեն ներգրավվել որպես վկա»:

Աղբյուրը` 168.am