Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է Քրեական, Քրեական դատավարության եւ Քաղաքացիական օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքները:

Նախագահի աշխատակազմից  հայտնում են, որ համաձայն կատարված լրացումների ու փոփոխությունների՝ սահմանվել է, որ զրպարտությունը եւ վիրավորանքը կհանդիսանան քրեորեն պատժելի արարքներ, որոնց վերաբերյալ քրեական գործերը հարուցվում են տուժողի բողոքի հիման վրա:

Զրպարտությունը` ուրիշի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող, ակնհայտ իրականությանը չհամապատասխանող փաստի մասին տվյալներ տարածելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով:

Այն դեպքում, երբ այդ արարքները կատարվում են պարբերաբար, ապա պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Վիրավորանքը` ուրիշի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը՝ խոսքի, պատկերի, ձայնի, նշանի, գրավոր, ծաղրանքի (ծաղրուծանակի) կամ այլ միջոցով կատարված անպարկեշտ արտահայտությամբ արատավորելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով:

Այն դեպքում, երբ այդ արարքները կատարվել են տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, պարբերաբար, դրանք պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ կալանքով՝ մինչեւ երեք ամիս ժամկետով:

Ըստ երկրի ղեկավարի ստորագրած օրենքների՝ պահպանվել է դատական կարգով անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջի հնարավորությունը, եթե նման տեղեկություններ տարածած անձը չապացուցի, որ դրանք համապատասխանում են իրականությանը: