Ուսսուրիյսկում փլուզվել է ամբարտակը, «Յոթ քամիներ» միկրոշրջանի բնակիչներին տարհանում են ջրի բարձրացման պատճառով, տեղեկացրել է «Комсомольская правда»-ն՝ հղում կատարելով ՌԴ Պրիմորիեի երկրամասի դատախազության մամուլի ծառայությանը։
«Քաղաքային դատախազ Դմիտրի Դենիշը տեղում համակարգում է տարհանման կազմակերպումը»,- տեղեկացրել է դատախազությունը։
Գերատեսչության տվյալներով՝ ջուրն սկսում է բարձրանալ՝ հասնելով որոշ տների առաջին հարկերին։ Մարդկանց տարհանում են ԱԻՆ ուժերով։
«Դատախազությունը գնահատական կտա ձեռնարկվող միջոցներին, որոնք պետք է նվազագույնի հասցնեն ջրի բարձրացման հետեւանքները»,- նշվել է գերատեսչության հայտարարությունում։
Ուսսուրիյսկը դեռ ուրբաթ՝ օգոստոսի 11-ին, տուժել էր աղետի հարվածից։ Քաղաքը շարունակում է հեղեղվել։ Քաղաքի վրայով անցած թայֆունի պատճառով փողոցներն անցել են ջրի տակ, հեղեղվել է նաեւ կենտրոնական շուկան։ Այսօր՝ օգոստոսի 12-ին, փլուզվել է ամբարտակը, որը կառուցվել էր հեղեղումների զսպման համար։