Նախաքննության շրջանակներում կատարված` Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրի զննությամբ պարզվել է, որ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում՝ դեպի Երեւան քաղաքի ուղղության ուղեմասում, առաջամասերով միմյանց են բախվել հիշյալ տրանսպորտային միջոցները, որոնցից «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցը գտնվել է իր երթեւեկելի ուղեմասում՝ դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ, իսկ «Զիլ» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ հանդիպակաց երթեւեկելի ուղեմասում՝ դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն:
«Երեւան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած՝ 11 անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ (լուսանկարներ)
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի եւ Անիի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Երեւան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած՝ 11 անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները:
Նախնական տվյալներով՝ 2023 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում միմյանց են բախվել «Զիլ» եւ «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցները, որի հետեւանքով վերջինիս վարորդը եւ 10 ուղեւոր մահացել են, իսկ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի 5 ուղեւոր, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության շրջանակներում կատարված` Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրի զննությամբ պարզվել է, որ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում՝ դեպի Երեւան քաղաքի ուղղության ուղեմասում, առաջամասերով միմյանց են բախվել հիշյալ տրանսպորտային միջոցները, որոնցից «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցը գտնվել է իր երթեւեկելի ուղեմասում՝ դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ, իսկ «Զիլ» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ հանդիպակաց երթեւեկելի ուղեմասում՝ դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ:
Բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի համաձայն՝ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի վիճակը գնահատվում է ծանր եւ վերջինիս ցուցմունք տալը հնարավոր չէ:
Քրեական վարույթի շրջանակներում 16 անձ ճանաչվել է տուժող, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում են քննչական եւ դատավարական անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է հաղորդագրության մեջ: