Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրուպադի Մուրմուին Անկախության օրվա կապակցությամբ:
Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.
«Հնդկաստանը պատմականորեն ապացուցել է ժողովրդավարական համակարգի կարեւորությունը պետության կայացման եւ ազգի քաղաքակրթական արժեհամակարգի պահպանման գործում: Հնդկաստանի նորագույն պատմության մեջ նշանակալի դերակատարում ունեցած Մահաթմա Գանդիի կերպարն առ այսօր շատ ազգերի համար անարդարության դեմ պայքարի վառ օրինակ է:
Դարերի պատմություն ունեցող հայ-հնդկական բարեկամությունը խարսխված է փոխադարձ հարգանքի, վստահության եւ համընդհանուր արժեքների վրա:
Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ տարածաշրջանային եւ երկուստեք կարեւորության հարցերում Հայաստանի եւ Հնդկաստանի դիրքորոշումները համընկնում են՝ առավել նպաստելով միջպետական կապերի եւ ավանդական բարեկամության ամրապնդմանը»: