«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի կենտրոնում՝ Օպերայի եւ բալետի թատրոնի հենց հարակից հատվածում, խաղային նոր ատրակցիոն է տեղադրվել: Ատրակցիոնը ուժային չափիչ ֆունկցիա ունի. հարվածում ես, եւ, ըստ սանդղակի, չափում է հարվածի ուժը: Մարդիկ գումար են վճարում եւ օգտվում դրանից:
Նկատենք, որ կարմիր, հսկա ատրակցիոնը բավական մեծ տեղ է զբաղեցնում եւ, մեղմ ասած, հարիր չէ մշակութային ամենակարեւոր շենքին: Խաղամոլության դեմ պայքարի իմիտացիա անող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մոլախաղեր է տեղադրում Երեւանի սրտում:
Ո՞ւմ գաղափարն է հենց Օպերայի եւ բալետի թատրոնի բակում այդ անճոռնի, հսկա ատրակցիոնի տեղադրումը, եւ ինչ անփոխարինելի շահումնավետություն է ապասվում:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ատրակցիոնի իրական «տերը» Երեւանի ավագանու անդամ Սերգեյ Գյոզալյանն է՝ իշխանական ՔՊ-ից:
Տեղեկությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել Սերգեյ Գյոզալյանի հետ: Վերջինս շատ վրդովվեց մեր հարցից, խնդրեց նման հարցերով իրեն էլ չանհանգստացել, այնուհետեւ՝ հարցը կրկնելուց հետո, ասաց, թե կապ չունի ատրակցիոնի հետ. «Ես ներկայիս պահին որեւէ կապ չունեմ բոքսի ապարատի հետ։ Հետո կարող եմ տեղադրել օրենքի սահմաններում ու կապ ունենալ դրա համար, բայց այս պահի դրությամբ կապ չունեմ»,-ասաց նա»:
Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում