ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի խոսքերով, Նախագահը պարտավոր չէ, որեւէ երկիր այցելելիս անպայման գնալ եւ բարեւ տալ այդ երկրի նախագահին կամ քաղաքապետին: Այսօր լրագրողների հետ զրույցում նա նման տեսակետ արտահայտեց, անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, թե Մոսկվա կատարած այցի ընթացքում ոչ ՌԴ նախագահ Վ. Պուտինը եւ ոչ էլ անգամ այն քաղաքապետը, որի ընտրման առթիվ շնորհավորական ուղերձ էր հղել Սերժ Սարգսյանը նրան չդիմավորեցին եւ չուղեկցեցին:

Դավիթ Հարությունյանը նաեւ ընդգծել է, որ նման հանդիպում նախատեսված չի էլ եղել: «Ես կարծում եմ, որ ձեր մոտեցումը սխալ է: Նախագահը մեկնել էր այլ առաքելությամբ»,- ասել է Դավիթ Հարությունյանը:

Դիտարկմանը, թե այնուամենայնիվ պատշաճ չէր՞ լինի, որ նախագահի մակարդակով դիմավորեին, նա արձագանքել է. «Ոչ, որովհետեւ նախագահը կարող է մեկնել ցանկացած երկիր լայն խնդիրների շրջանակով եւ դա կարող է չնախատեսել հանդիպում տվյալ երկրի նախագահի կամ քաղաքապետի հետ: Ամեն ինչ կապված է, թե ինչ առաքելությամբ ես դու մեկնել»: