Սպորտը շատերի համար ժամանցի միջոց է, ոմանց համար՝ ապրելակերպ, մյուսների համար՝ մասնագիտություն: ArmStar.am-ն այս անգամ անդրադարձել է հայկական շոու բիզնեսի այն աստղերին, ովքեր նախկինում զբաղվել կամ հիմա էլ շարունակում են զբաղվել սպորտով:

 

Սոֆի Մխեյանը չի առանձնացնում որևէ սպորտաձև, սակայն մանկուց միշտ եղել է մարզված, ուշադրություն է դարձրել ֆիզիկական մարզումներին ու տեսակով իրեն համարում է սպորտային մարդ: Երգչուհու նրա կարիերան չի խանգարում շարունակել մարզումները, վստահեցնում է, որ սպորտը միայն կարող է օգնել: Սոֆին զբաղվել է մեծ թենիսով, լողով իսկ «Որտեղ գտնեմ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի համար ամիսներ շարունակ կարատեի դասերի է հաճախել:

 

«Առողջ ապրելակերպը փոքր տարիքից եղել է իմ կյանքի կարևոր սկզբունքներից մեկը, բարձր եմ գնահատում այն ու հիմա էլ սպորտը առօրյայիս բաղկացուցիչ մասն է կազմում», - նշում է Սոֆի Մխեյանը: Երգչուհին առաջարկում է սպորտի մասին խոսելու փոխարեն զբաղվել դրանով, քանի որ այն առաջին հերթին առողջության գրավականն է:

 

Հաղորդավարուհի և պրոդյուսեր Արևիկ Ուդումյանի մտքով երբեք չի անցել սպորտը դարձնել մասնագիտություն, սակայն դեռ վաղ տարիքից պարբերաբար ցուցաբերել է սպորտային ակտիվություն՝ Հաճախել մարզասրահ, զբաղվել աերոբիկայով, խաղացել քորդզ բոլ: Նա համոզված է, որ, անկախ մարդու տարիքից ու մասնագիտությունից, սպորտային ակտիվությունը պարտադիր է, իսկ երբ որոշ ժամանակ զբաղվում ես սպորտով, հետո հետ կանգնելը դժվար է: Հաղորդավարուհու խոսքերով նույնիսկ ամենածանրաբեռնված աշխատանքային պայմաններում պետք է գտնել ժամանակ սպորտով զբաղվելու ու առողջ ապրելակերպի համար:

Երբ չի զբաղվում սպորտով, ավելի թույլ է զգում իրեն: Արևիկը համոզված է, որ սպորտը ոչ միայն կոփում է ֆիզիկապես, այլ նաև տալիս է կամքի ուժ ու եռանդ, ինչպես նաև զարգացնում պատասխանատվության զգացումը:

 

Հաղորդավարուհի Էռնա Էլիզբարյանը սկսել է զբաղվել լողով ծնողների ու բժիշկների խորհրդով, սակայն հետո սկսել է սիրել այդ սպորտաձև ու նույնիսկ մասնակցել հանրապետական մրցույթների: Նա մինչ օրս էլ ամառային արձակուրդներին հաճոխում է լողավազան, հավատարիմ է “առողջ մարմնում առողջ հոգի” նշանաբանին, քանի որ այն օգնում է ունենալ գեղեցիկ կազմվածք:

 

Թեև սիրում էր լողը, ապագա հաղորդավարուհու ծնողները միշտ շեշտում էին, որ դա նրա համար լոկ հոբբի է, ու պարտադրում էին , որ իր ջանքերն ու ուշադրությունը կենտրոնացնի դպրոցական դասերի վրա: Էռնայի խոսքերով լողի օգնությամբ նա ձեռք է բերել սպորտային բնավորություն: Այն իր մեջ դաստիարակել է ճշտապահություն, պայքարելու և հաղթելու ձգտում : Էռնան շատ է սիրում նաև գեղասահք և օլիմպիական խաղերի ժամանակ միշտ հետևում է այդ սպորտաձևին:

 

Արսեն Սաֆարյանը դպրոցական տարիներին լրջորեն զբաղվել է խոտի հոկեյով: «Երիտասարդ տարիներիս չէի էլ կարող մտածել երգչի կարիերայի մասին, սպորտն ինձ համար ընտրել էի որպես ապագա», - ArmStar.am -ին պատմում է երգիչն ու ավելացնում, որ դպրոցից հետո ընդունվել է նաև Ֆիզիկական Կուլտուրայի Հայկական Պետական Ինստիտուտ: Արսենը միշտ էլ սպորտը անհրաժեշտություն է համարել մարդու կյանքում, ասում է որ դա գալիս է նրա դաստիարակությունից, սպորտով զբաղվել են նաև նրա երկու եղբայրները: Մինչև երգարվեստում հաջողություն ունենալն, Արսենը մեծ հաջողություններ գրանցել է նաև սպորտի ասպարեզում՝ սպորտի վարպետի կոչում է ստացել: Այժմ նրա զբաղվածությունը թույլ չի տալիս մեծ ուշադրություն դարձնել սպորտին, հազվադեպ է հաճախում մարզասրահ, սակայն հետևում է համաշխարհային սպորտին ու հատկապես հայ մարզիկների հաջողություններին:

 

«Հայաստանի ձայնը» նախագծի մասնակիցներից Նարեկ Մակարյանը 5 տարի զբաղվել է մեծ թենիսով: Նարեկի համար թենիսն ուղղակի հոբբի չի եղել, նրա մոտ ամեն ինչ այնքան լավ էր ստացվում, որ մարզիչը համոզված էր՝ Նարեկը դառնալու է հայտնի ու հաջողակ սպորտսմեն: Չնայած, որ ի սկզբանե սկսել է զբաղվել սպորտով ծնողների դրդմամբ, Նարեկը հաճույքով էր հաճախում թենիսի: Ու եթե չլիներ բնությունից նրան տրված երաժշտական տաղանդը, կշարունակեր իր սպորտային ուղին :

Բացի թենիսից երիտասարդ երգիչը 1 տարի զբաղվել է նաև բասկետբոլով ու լողով, բայց թենիսը միշտ եղել է առաջին տեղում:

 

Նարեկը հիմա էլ չի թողել սպորտը, շարունակում է հաճախել մարզասրահ ու զբաղվել բոդիբիլդինգով: Նրա կարծիքով յուրաքանչյուր երգիչի էլ պետք է զբաղվել սպորտով և ունենալ համապատասխան մարմնի կառուցվածք: Պլանավորել է զբաղվել նաև ձիասպորտով:

«Սպորտով զբաղվելն ինձ շատ է օգնում, այն վստահություն է հաղորդում ու հանգստացնում է նյարդերս» ,- ArmStar.am-ի հետ զրույցի վերջում ավելացրեց Նարեկ Մակարյանը:

 

Երգչուհի Աիդա Սարգսյանն այն հայտնիներից է, ով դեռ մանկուց կարևորել է սպորտի դերը մարդու կյանքում: Նա 8 տարի զբաղվել է լողով և նույնիսկ սպորտի վարպետի թեկնածու է եղել: Աիդան միշտ սիրել ու հաճույքով է զբաղվել լողով, սակայն դեռ վաղ տարիքից որոշել է, որ այն կմնա միայն հաճելի զբաղմունք: «Առհասարակ սպորտը, ու հատկապես լողը, չի կոփում միայն մարմինդ, այն տալիս է վստահություն, նպատակներին հասնելու ուժ ու որոշակի փոփոխությունների է ենթարկում նաև ներքինդ»: Երգչուհու խոսքերով բոլորը պետք է ժամանակ գտնեն սպորտով զբաղվելու համար, որովհետև մշտապես զբաղվող մարդու միտքն ավելի լուսավոր է լինում և նա ավելի պայծառ ու թեթև է նայում կյանքին:

Առողջ ապրելակերպի համար բոլորովին էլ պարտադիր չէ հաճախել մարզասրահ, բավական է միայն ունենալ ցանկություն, տանը նույնպես կարելի է զբաղվել սպորտով: «Ես ինքս միշտ գտնում եմ ժամանակ: Ներկայումս զբաղվում եմ ջրային շեյպինգով և անպայման ուզում եմ զբաղվել շնչառական յոգայով»: