ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի Լիգաների գավաթը նվաճած ամերիկյան «Ինտեր Մայամիի» արգենտինացի գլխավոր մարզիչ Տատա Մարտինոն խոսել է իր ղեկավարած թիմի 36-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի մոտիվացիայի մասին։
«Լեոյի մասին խոսելիս, դուք նշում եք, որ նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Ավելի մեծ գովասանք չի կարող լինել։ Դա մոտիվացնում է։
Մեսին ամեն խաղում ապացուցում է, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Լիոնելը եկել է ՄԼՍ, որպեսզի մրցի եւ հաղթի։ Բուսկետսն ու Ալբան ասացին նույնը։ Նրանք եկել են այստեղ մրցելու նպատակով։ Կարելի է հաղթել կամ պարտվել, բայց նրանք ունեն մրցելու ցանկություն։ Հիմա եկել է հաղթելու հերթը»,- Մարտինոյի խոսքը մեջբերում է AS-ը։
ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի Լիգաների գավաթի խաղարկության եզրափակիչում «Ինտեր Մայամին» հետխաղային 11-մետրանոցներով հաղթել էր «Նեշվիլին»։ Հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով։ «Ինտեր Մայամիի» գոլը խփել էր Մեսին։ Նա արդյունավետ էր իրացրել նաեւ հետխաղային 11-մետրանոցը։
Մեսին «Բարսելոնայում» դարձել է Իսպանիայի 10-ակի չեմպիոն, 7-ակի գավաթակիր, 8-ակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի քառակի գավաթակիր, աշխարհի եռակի ակումբային չեմպիոն եւ Եվրոպայի սուպերգավաթակիր։ ՊՍԺ-ում նա դարձել է Ֆրանսիայի կրկնակի չեմպիոն, մեկ անգամ էլ նվաճել է երկրի սուպերգավաթը։ Արգենտինայի հավաքականի կազմում Մեսին դարձել է աշխարհի չեմպիոն, Ամերիկայի գավաթակիր, օլիմպիական չեմպիոն, աշխարհի երիտասարդական չեմպիոն, Հարավային Ամերիկայի եւ Եվրոպայի Ֆինալիսիմա-2022-ի հաղթող։