«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն դատարանում երեկ թեժ է եղել։ Դավիթ Տոնոյանը դատական նիստի ժամանակ ձայնի իրավունք է խնդրել ու վրդովված հայտարարություն արել։
Ինչպես հայտնի է, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանները դեռեւս 2023թ. մայիսի 29-ին միջնորդություն էին ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ Դ. Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը այլ խափանման միջոցով փոխարինելու մասին, որը դատարանի կողմից մերժվել էր:
Այդ դատական ակտի դեմ պաշտպանները ներկայացրել էին վերաքննիչ բողոք, եւ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, 2023թ. հուլիսի 27-ի որոշմամբ պաշտպանների բողոքը բավարարելով, բեկանել էր Հակակոռուպցիոն դատարանի որոշումը՝ վարույթն ուղարկելով նոր քննության: Իսկ, ահա, արդեն գրեթե մեկ ամիս անց Վերաքննիչ դատարանի որոշման պահանջները չեն կատարվել, եւ Դավիթ Տոնոյանի խափանման միջոցի փոփոխության հարցը չի քննարկվում, որի վերաբերյալ, մեր ունեցած տեղեկություններով, վերջինս իր վրդովմունքն է արտահայտել 2023թ. օգոստոսի 22-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում՝ հայտարարելով, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը դիտավորյալ է ձգձգում դատական նիստերը, նախատեսվածից ավելի քիչ ժամանակ է հատկացնում սույն գործով քննությանը, որպեսզի խափանման միջոցի հարցը կրկին չքննարկի:
Նկատենք, որ այդ ընթացքում Վերաքննիչ դատարանի որոշման վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանը որոշում կկայացնի:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում