Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի հարձակվող Թոմաս Մյուլերը պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստ է համարում աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսիին։
«Ինձ համար լավագույնը Մեսին է, քանր որ նա ստիպում է մարդկանց գնալ ստադիոն իր հրաշագեղ խաղի շնորհիվ։ Նա նաեւ շատ արդյունավետ է գոլերի քանակով, ռեկորդներով եւ տիտղոսներով։
Ռոնալդուն վիճակագրության եւ տիտղոսների տեսանկյունից նույնպես լավագույններից է, բայց Մեսին ավելի նուրբ եւ էլեգանտ խաղացող է»,- Մյուլերի խոսքը մեջբերում է DAZN-ը։
Մեսին ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է՝ 44 տիտղոս։ Նա «Բարսելոնայում» դարձել է Իսպանիայի 10-ակի չեմպիոն, 7-ակի գավաթակիր, 8-ակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի քառակի գավաթակիր, աշխարհի եռակի ակումբային չեմպիոն եւ Եվրոպայի սուպերգավաթակիր։ ՊՍԺ-ում նա դարձել է Ֆրանսիայի կրկնակի չեմպիոն, մեկ անգամ էլ նվաճել է երկրի սուպերգավաթը։ Արգենտինայի հավաքականի կազմում Մեսին դարձել է աշխարհի չեմպիոն, Ամերիկայի գավաթակիր, օլիմպիական չեմպիոն, աշխարհի երիտասարդական չեմպիոն, Հարավային Ամերիկայի եւ Եվրոպայի Ֆինալիսիմա-2022-ի հաղթող։ «Ինտեր Մայամիի» հետ Մեսին նվաճել է ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի Լիգաների գավաթը։