Գյումրի-Երեւան ավտովթարից վիրավորված 23-ամյա երիտասարդը մահացել է հիվանդանոցում: Այս մասին հաղորդում են Առողջապահության նախարարությունից:
«Ցավոք, բժիշկներին չի հաջողվել փրկել վթարի հետեւանքով տուժած, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացու կյանքը:
Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժածներից 1-ը շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը կայուն ծանր է, բարելավում է նկատվում:
Բժշկական կենտրոնների տարբեր բաժանմունքներում բուժում ստացող 3 տուժածի առողջական վիճակը գնահատվում է կայուն կամ միջին ծանրության»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ մահացածը 23-ամյա Էդուարդ Քոլոյանն է, որը նույն ողբերգական վթարից մահացած 24-ամյա Ամալյա Մնացականյանի նշանածն էր:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։
Ողբերգական վթարի ուղեւորները վերադառնում էին Արեւմտյան Հայաստան ուղեւորությունից։
Ըստ Քննչական կոմիտեի՝ վթարը տեղի է ունեցել Երեւան քաղաքի ուղղության երթեւեկելի ուղեմասում, առաջամասերով միմյանց են բախվել հիշյալ տրանսպորտային միջոցները, որոնցից «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցը գտնվել է իր երթեւեկելի ուղեմասում՝ դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ, իսկ «Զիլ» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ հանդիպակաց երթեւեկելի ուղեմասում՝ դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ
Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Զիլ» մակնիշի տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ: Նա Գյումրիի ԲԿ-ում շարունակում է իր բուժումը: