Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է Մոսկվայի մարզի Իստրայի շրջանում անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։
«Այս գիշեր հակաօդային պաշտպանության ուժերն Իստրայի շրջանում Մոսկվային մոտեցող անօդաչու թռչող սարք են ոչնչացրել։ Նախնական տվյալներով՝ տուժածներ և ավերածություններ չեն եղել։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները»,- գրել է Սոբյանինը՝ Telegram-ի իր ալիքում։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ զինվորականները կանգնեցրել են ուկրաինական ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարքի հարձակումը Մոսկվայի օբյեկտների վրա։
«Օգոստոսի 26-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 03.00-ի սահմաններում, Կիևի ռեժիմի կողմից Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանների օբյեկտների վրա ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքով ահաբեկչություն իրականացնելու փորձը խափանվել է»,- ասվում է ՌԴ ՊՆ Telegram ալիքում։
«Մոսկովյան շրջանի Իստրա շրջանի տարածքում հերթապահ հակաօդային պաշտպանության միջոցներով անօդաչու թռչող սարք է ոչնչացվել»,- հայտնել են նախարարությունից։
Ինչպես հաղորդում է ТАСС-ը՝ ավիացիոն ծառայություններին հղումով, գիշերը «Շերեմետևո», «Դոմոդեդովո» և «Վնուկովո» օդանավակայանները որոշ ժամանակ ինքնաթիռներ չէին ընդունում կամ ուղարկում անօդաչու թռչող սարքի մասին հաղորդագրությունների պատճառով։ Ավելի ուշ նրանք հանեցին աշխատանքի սահմանափակումները։