«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի գործադիր մարմնում ավագանու ընտրություններից հետո պաշտոնանկությունների տեսքով մի շարք փոփոխություններ են սպասվում։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում նախատեսվում են մի քանի «կարկառուն» նախարարների հրաժարականները: Ըստ ՔՊ ներսում շրջանառվող տեղեկությունների՝ հրաժարական են ներկայացնելու ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը եւ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:
Մեր տեղեկություններով՝ իշխող քաղաքական թիմի ներսում մի քանի թեկնածուների անուններ են շրջանառվում, բայց՝ ընդամենը խոսակցությունների մակարդակով. վերջնական որոշումը կկայացվի ավագանու ընտրություններից հետո:
Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Գնել Սանոսյանին փոխարինելու է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Սյունիքի մարզպետի պաշտոնը բաժին կհասնի ՔՊ-ական սյունեցի պատգամավոր Կարեն Համբարձումյանին, որը երկար ժամանակ կատաղի պայքար էր տալիս այդ պաշտոնի համար:
Իշխող թիմն այս պահի դրությամբ Հակոբ Սիմիդյանին եւ Գրիգոր Մինասյանին փոխարինող դեռ չունի, բայց մինչ ընտրություն այս հարցն էլ կլուծեն:
Ինչ վերաբերում է Գնել Սանոսյանին, ապա, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը նրա եւ Արմեն Փամբուխչյանի համար նոր՝ «յուղոտ» պաշտոն է մտածել քաղաքապետարանում. նախատեսվում է, որ ավագանու ընտրություններից հետո նրանք պետք է զբաղեցնեն քաղաքապետի տեղակալների պաշտոնները:
Սրանք այս պահին իշխանության ներսում եղած տրամադրություններն են, իսկ թե ինչով կավարտվեն գործընթացները եւ հետագա զարգացումները, ցույց կտա ժամանակը: Մենք առաջիկայում կհայտնենք»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում