ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը գնահատում է կառուցողական հարաբերությունները Հայաստանի հետ, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ռուս խաղաղապահների առաքելության ձախողման մասին թեզերի հետ համաձայնել չի կարելի, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք խորապես հարգում ենք վարչապետ Փաշինյանին, մենք գնահատում ենք աշխատանքային եւ միանգամայն կառուցողական հարաբերությունները նրա եւ նախագահ Պուտինի միջեւ եւ հույս ունենք, որ այդ հարաբերությունները կշարունակեն մնալ երկու երկրների սերտ փոխգործակցության գրավականը։ Բայց պարոն վարչապետի այդ թեզերի հետ մենք չենք կարող համաձայնել։ Ռուսաստանը այդ տարածաշրջանի բացարձակ անքակտելի մասն է, ուստի ոչ մի տեղ գնալ չի կարող։ Ռուսաստանը Հայաստանից հեռանալ չի կարող»,- ասել է Պեսկովը լրագրողներին։


Նա կոչ է արել չմոռանալ, որ «Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան հենց Հայաստանում», որոնց մեծ մասը ՌԴ հայրենասիրաբար տրամադրված քաղաքացիներ են եւ արժանի ավանդ են ներդնում երկրի զարգացման գործում։