Եգիպտոսը, Հորդանանը եւ Ճապոնիան հաստատել են իրենց աջակցությունը պաղեստինցի ժողովրդին եւ ընդգծել բնակեցման ուղղությամբ Իսրայելի վարած գործունեության ապօրինությունը։ Այս մասին նշվել է Կահիրեում երեք երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքների հիման վրա արված համատեղ հայտարարությունում՝ նախարարական մակարդակով արաբա-ճապոնական համագործակցության շրջանակում։
Եգիպտոսի, Հորդանանի եւ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարները՝ Սամեհ Շուքրին, Այման աս-Սաֆադին եւ Յոսիմասա Հայասին, «հաստատել են աջակցությունը պաղեստինցի ժողովրդին ինքնորոշման իրավունքի հարցում՝ ընդգծելով Իսրայելի բնակեցման գործունեության անօրինականությունը եւ կոչ անելով դադարեցնել այդ գործելակերպը՝ ՄԱԿ բանաձեւերին համապատասխան»,- նշվել է եռակողմ հայտարարությունում, որը հրապարակել է Եգիպտոսի ԱԳՆ-ն Ֆեյսբուքի պաշտոնական էջում։
Նախարարները նաեւ անհանգստություն են հայտնել Գազայի հատվածում հումանիտար իրավիճակի վատթարացման առիթով։ Նրանք պահանջել են բացել Իսրայելի արգելափակած անցակետերը եւ չխոչընդոտել անկլավ ապրանքների, վառելիքի եւ հումանիտար օգնության տեղափոխմանը։ «Կողմերը մտադրություն են հայտնել շարունակել Պաղեստինի քաղաքական եւ տնտեսական աջակցությունը։ Արաբական երկրների նախարարները բարձր են գնահատել Պաղեստինին Ճապոնիայի ցուցաբերած երկարատեւ աջակցությունը տնտեսական անկախության հասնելու գործում, ներառյալ «Խաղաղության եւ բարգավաճման միջանցք» նախաձեռնությունը»,- ընդգծվել է հայտարարությունում։
Ինչպես իր կողմից հայտարարել է Եգիպտոսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Աբու Զեյդը, «եռակողմ հանդիպումը հաստատել է, որ կողմերը հավատարիմ են համագործակցության տարբեր ուղղությունների ընդլայնմանը՝ հօգուտ տարածաշրջանի ավելի մեծ թվով երկրների»։ Մասնավորապես, քննարկվել են նախագծեր Հորդանանի եւ Իրաքի էներգետիկ ոլորտում, Պաղեստին արտահանումների ավելացման հարցը, համագործակցությունը Լիբանանի կրթության ոլորտում։