Ուրուգվայի նախորդ իշխող քաղաքական ուժը՝ «Լայն ճակատ» կուսակցությունը, հանդես է եկել Արցախին սատարող հայտարարությամբ։
«Լայն ճակատ» կուսակցությունը նախ արձանագրել է, որ 2022 թվականի դեկտեմբերից ի վեր Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքն արգելափակված է, ինչի հետևանքով 120,000 մարդ ապրում է մեկուսացված, լայնածավալ և արյունալի հումանիտար ճգնաժամի, գոյատևման համար անհրաժեշտ հիմնական պարագաների՝ սննդի, դեղորայքի գրեթե լիակատար բացակայության պայմաններում:
Հայտարարությունը փաստում է, որ Ադրբեջանի կողմից ագրեսիայի գործողությունները հանդիսանում են միջազգային իրավունքի և 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի եռակողմ համաձայնագրի, «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայի կոպիտ խախտում, Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման դրույթների արհամարհում, որը սահմանում է, որ Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները՝ երաշխավորելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով՝ երկու ուղղություններով։ Հայտարարության հեղինակները վկայակոչել են իրավիճակի հանգուցալուծման հետ կապված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բացարձակ և անվիճելի մեծամասնության պահանջները։
Հայտարարության մեջ ևս մեկ անգամ փաստվում է այն իրողությունը, որ Արդարադատության միջազգային դատարանի նախկին դատախազ, դոկտոր Լուիս Մորենո Օկամպոն փորձագիտական եզրակացության միջոցով 2023 թվականի օգոստոսի 7-ի ամփոփ զեկույցում որոշում է կայացրել հարցի վերաբերյալ՝ դատապարտելով տեղի ունեցածը և այն որակելով որպես ցեղասպանություն Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ։ Լուիս Մորենո Օկամպոն վկայակոչել է «Ցեղասպանության մասին» կոնվենցիայի երկրորդ հոդվածի «գ» կետը, որը վերաբերում է էթնիկ խմբի կենսապայմանները միտումնավոր կերպով խաթարելուն՝ նրա ֆիզիկական ոչնչացումը հրահրելու համար։ Օկամպոն նշել է, որ առանց կտրուկ միջամտության՝ հայերի էթնիկ խումբը Լեռնային Ղարաբաղում մի քանի շաբաթից կվերանա։
Նշվում է, որ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Սենատը 2022 թվականի դեկտեմբերի 20-ին միաձայն հավանություն է տվել հռչակագրին, որում կոչ է արվում Ադրբեջանին կատարել իր միջազգային պարտավորությունները և ապահովել ազատ տեղաշարժ Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքով։
««Լայն Ճակատ» կուսակցությունը դատապարտում է ռազմական ագրեսիան և ցեղասպանությունը, որը դրսևորվում է Ադրբեջանի կողմից Արցախի և միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ՝ հակասելով միջազգային իրավունքին, իր համերաշխությունն է հայտնում Արցախի ժողովրդին Ադրբեջանի կողմից իրականացվող անօրինական շրջափակման պայմաններում, ինչը միջազգային և մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է, վերահաստատում է միջազգային իրավունքին համահունչ Արցախի տարածքում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հանձնառությունը և հորդորում է կառավարությանը գործել այդ ուղղությամբ՝ հիմնվելով արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի ժողովրդի հետ Ուրուգվայի համերաշխության ավանդույթի վրա»,- ասված է հայտարարության մեջ։