Այսօր կայացած ասուլիսի ընթացքում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Արամ Մանուկյանն անդրադարձավ Անկախության տոնին: Նշենք, որ օգոստոսի 23-ի անկախության հռչակագիրն ընթերցել է հենց Արամ Մանուկյանը:

Նրա խոսքերով, տարածված կարծրատիպ կա, որ առանց Ռուսաստանի ապրել չենք կարող, որն արմատավորվել է ժողովրդի մեջ, ինչը ՀԱԿ պատգամավորի խոսքերով, ճիշտ չէ:

Նա ասուլիսի ընթացքում անդրադարձավ Անկախության հանրաքվեին, նշելով, որ հանրաքվեին մասնակցել է բնակչության 95 տոկոսը, իսկ «այո» է քվեարկել մասնակիցների 99 տոկոսը:

«Այդքան մարդ եկավ, «այո» քվերակեց և դա այն դեպքում, երբ ոչ մեկ չէր հորդորել, քարոզչություն չէր տարել և «զոռով» չէր բերել»: Այսպիսի միասնականության դեպք դեռևս չի գրանցվել», - նշեց նա:
Նրա խոսքերով, քվեաթերթիկները համալակարված չեն եղել, քանի որ այն ժամանակ ոչ մեկի մտքով չի էլ անցել, որ կարելի է քվեաթերթիկ գողանալ կամ կեղծել:

Անդրադառնալով Անկախության հռչակագրի ընթերցման ժամանակ իր զգացողություններին, նա նշեց, որ ավելի շատ շփոթված է եղել, քան՝ հպարտ, քանի որ իր խոսքում միշտ նշել է, որ այս հռչակագիրը նաև իր զոհված ընկերների համար է ընթերցում: