Հրեշն առևանգում է հային, ամերակացուն և ֆրանսիացուն ու սպառնում, որ կամ նրանց կուտի, կամ պետք է գումար տան իրեն կամ պետք է կենակցի նրանց հետ: Իսկ ազատվելու համար այլընտրանք է առաջարկում՝ սոխ ուտելը: Ամերիկացին նախընտրում է գումար տալ, ֆրանսիացին կենակցում է, իսկ հայն ափսոսում է գումարը, կենակցելն էլ ամոթալի է համարում: Եվ 16 տարի սոխ է ուտում: Սակայն, չդիմանալով, կենակցում է, ապա գումարն է տալիս և հեռանում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի հումորով ՄՄ-ին միանալու բնորոշումը տվեց ՀՀ Գերագույն խորհրդի և ԱԺ երկրորդ և երրորդ գումարման պատգամավոր Աղասի Արշակյանը: Նրա գնահատմամբ` սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարությունը ոչ պաշտոնական հանրաքվեի արդյունքն է: «Սա մեր երկրի պատմության մեջ ամենաշրջահայաց որոշումն է` լավ իմաստով: Այն ուշացած, բայց ճիշտ ճանապարհ է»,- դիտարկեց Արշակյանն` ավելացնելով, որ դա 1997 թվականին կայացրած որոշման շարունակությունն էր:

Իսկ Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանի գնահատմամբ` Արշակյանի ներկայացրած տեսակետը գերծիծաղելի է: «Որոշումը ես համարում եմ անընդունելի: Այս դեպքում մեր միակ մխիթարությունն այն է, որ այն կայացել է պարտադրվածության հետևանքով, ոչ մեր կամքով: Այն պարտադրաբար փաթաթեցին մեր վզին»,- գնահատեց Սադոյանը: Նա նշեց, որ Հայաստանի իշխանություններն իրենց երկրի արյունատար անոթները բաշխում են Ռուսաստանին: «Ավելի լավ չի լինի գնանք փաթաթվենք Ռուսաստանին, թող ինչ ուզում է անի, կամ էլ միանանք Սովետի նման մի սխեմայի»,- ասաց Սադոյանը:
Հյուրերն այդպես էլ ոչ մի կերպ համաձայնության չեկան մաքսային միությանը միանալու հարցի շուրջ: