Անցյալ շաբաթ ամփոփվեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցն Արաբական Միացյալ Էմիրություններ, որը վերջին 6 ամիսների ընթացքում երկրորդ այցն էր դեպի արաբական երկրներ։ Այս մասին տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ից։

Նախորդը՝ մարտին, ԱԳ նախարարի այցն էր Եգիպտոս, որի շրջանակներում Արարատ Միրզոյանը ելույթ ունեցավ Արաբական պետությունների լիգայի խորհրդի` նախարարական մակարդակով նիստին։


ԱՄԷ այցի ընթացքում կայացած հանդիպումներն ու միջոցառումներն էին.

- հանդիպում ԱՄԷ նախագահի և ԱԳ նախարարի հետ,

- հանդիպում ԱՄԷ դաշնային ազգային խորհրդի նախագահի հետ,

- զրույց ԱՄԷ հանդուրժողականության և համակեցության հարցերով նախարարի հետ,

- ՀՀ և ԱՄԷ քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին արձանագրության ստորագրում,

- Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ընդունելություն,

- Մերձավոր ու Միջին Արևելքում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաք:

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս արաբական աշխարհի երկրների հետ երկկողմ օրակարգի հետագա զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ փոխըմբռնման խորացմանը: