«23 տարի առաջ կար հավատ, որ մեծ նվաճումների ենք հասնելու, կար 3,5 մլն բնակչություն, գործող տնտեսություն, չկար տոտալ թալան, որը հետո եկավ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի գնահատականով հանդես եկավ ՀՀ Գերագույն խորհրդի և ԱԺ երկրորդ և երրորդ գումարման պատգամավոր Աղասի Արշակյանը, ով ավելացրեց նաև, որ անկախության հռչակումից անցել է գրեթե քառորդ դար, ունենք շոշափելի նվաճումներ, որոնց թվում ամենահատկանշականը ազգային բանակն է, ինչպես նաև մարդու իրավունքների առանձին ոլորտների առկայությունը: «Իհարկե շատ են կորուստները: Ինձ համար մեծագույն ցավն ավերված տնտեսությունը չէ, ոչ էլ մարդիկ, որոնք լքել են Հայաստանը, սրանք վերականգնվող կորուստներ են: Առավել մեծ կորուստ եմ համարում ընտրությունները և վաղվա օրվա նկատմամբ հավատը, որոնք գողացվեցին, սրանք այլևս չեն վերականգնվի»,- նշեց Աղասի Արշակյանը` ավելացնելով, որ ձեռքբերումներն անհամաչափ են կորուստներին:

Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը կարծում է, որ մեր երկրում շատերը չեն գիտակցում, թե ինչ է իրական անկախությունը: Այն, իր դիտարկմամբ, սրբություն է, որը պետք է պաշտպանել, իսկ անկախության օրը պետք է տոնել, անկախ ամեն ինչից` «գոնե տոնել»: Ձեռքբերումներից Արշակ Սադոյանը, կարծես, համարում է խոսքի ազատությունը, որը ԽՍՀՄ-ի տարիներին մեծագույն երազանք էր: Արշակյանը, սակայն, համամիտ չէր այն կարծիքի հետ, թե անկախությունը սրբություն է: «Անկախությունը ոչ ծնող է, ոչ էլ երեխա, որ սրբություն լինի»,-ասաց նա: