Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր մեկնաբանությունները Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք կաշխատենք ու ողջամիտ ժամկետում կներկայացնենք մեր մեկնաբանությունները»,- ասաց նա:
«Խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի ու միակ լուծումն է, որ երաշխավորում է մեր երկրների, տարածաշրջանի երկրների ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, ինչն անհրաժեշտ ու ֆունդամենտալ պայման է բնականոն զարգացման ու առաջընթացի համար։
Այսօր նաև այս իմաստով հրատապ է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարումը, ինչի ուղղությամբ կշարունակենք ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։