Կամավոր հիմունքներով պարտադիր զինծառայության համար դիմած կանայք կկարողանան ներգրավվել արդեն 2024 թվականի ձմեռային զորակոչի ժամանակ։ Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կառավարության նիստում հարցի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց տրամադրվել և պատրաստ լինել ձմեռային զորակոչին։

«Մենք ֆիզիկապես պատրաստ կլինենք որպես ձմեռային զորակոչ իրենց ընդունելու, բայց, հաշվի առնելով այն աշխատանքը, որ մենք նախապատրաստում ենք նաև դպրոցներում, հիմնական ակնկալիքը լինելու է ամառային զորակոչին։ Բայց մենք պատրաստ ենք ընդունել 18-27 տարեկան իգական սեռի մեր քաղաքացիներին ձմեռային զորակոչին»,– ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։


Ի պատասխան` Նիկոլ Փաշինյանն առաջակեց ամռան մասին մոռանալ և հիմա կենտրոնանալ ձմռան ուղղությամբ։
«Ամառվա մասին եկեք մոռանանք, ամառվա մասին գարնանը կխոսենք, հիմա աշուն է, ուրեմն եկեք խոսենք ձմեռվա մասին ամենայն լրջությամբ։ Ոչ, մենք ունենք ձմեռյաին զորակոչ ու բոլոր ռեսուրսները պետք է դրվեն, որ նախասահմանված թվով զորակոչիկներ ունենանք»,- ընդգծեց Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը հանձնարարեց ամենայն լրջությամբ մոտենալ խնդրին և հիշել` բանակում չկա կին կամ տղամարդ, բանակում կա զինվոր։

«Մենք հասկանում ենք, որ սա բոլորովին նոր ինստիտուտ է ՀՀ–ի համար, և մենք ամեն ինչ անում ենք, որ բոլոր առումներով փորձենք այս ծառայությունը զրոյից ստեղծել մեր ցանկացած հնարավոր ամենապատշաճ մակարդակով»,– ասաց Փաշինյանը։

Նա հավելեց, որ շատ կարևոր է տարածել այս տեղեկատվությունը։ Հիշեցրեց, որ պարեկային ծառայությունում կանանց ներգրավելու հարցում ևս խնդիրներ կային, դրա համար որոշում կայացրին, որ առաջիկա թափուր հաստիքները լրացնելու են հիմնականում կանանցով։ ՆԳՆ–ն նաև աշխատանքներ անցկացրեց դպրոցների ավարտական դասարաններում` մասնագիտական կողմնորոշման շրջանակներում։

Հիշեցնենք` կանանց համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետ է սահմանվելու 6 ամիս։ Կանանց ծառայությունն անցնելու է բացառապես ուսումնական զորամասերում` առանց վիճակահանության։ 6 ամիս անց զորացրվելիս կանայք կստանան 1 մլն դրամ պատվո վճար։ Իսկ առողջության պատճառով զինծառայությունից վաղաժամկետ ազատվելու դեպքում 1 մլն դրամը կբաժանվի 6 ամիսների վրա և պատվո վճարը կհաշվարկվի ծառայության ամիսների հանրագումարի չափով։

Այն կանայք, որոնք 6 ամիս անց կցանկանան շարունակել ծառայությունը ԶՈւ–ում, կարող են դիմել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով և անցնել 5 տարի ժամկետով պայմանագրային զինծառայության։