ՀՖՖ-ի հետ ստեղծված խնդրից չենք վախենում: Ինչ էլ տեղի ունենա «Փյունիկի» շուրջ, որքան էլ մեզ փորձեն խանգարել աշխատել եւ հասնել հաջողությունների, միեւնույն է, մենք կանգ չենք առնելու, որովհետեւ այս իրավիճակը ժամանակավոր է: Բոլոր ղեկավարներն ունեն պաշտոնավարման ժամկետ, որը մոտենում է ավարտին:

Այս մասին ասել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը: Սեպտեմբերի 13-ին ակումբի սեփականատերը մասնակցել է բիզնես ֆորումի, որտեղ պատմել է իր գործունեության, բիզնեսում ունեցած հաջողությունների մասին, նաեւ անդրադարձել է հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակի, ՀՖՖ-ի գործունեության եւ ֆեդերացիայի հետ ունեցած խնդրին:


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միակողմանի խզել է «Փյունիկի» հետ Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտը մեզ տրամադրելու պայմանագիրը: Ակումբը զրկվել է նաեւ Արմավիրի ստադիոնում խաղալու հնարավորությունից։

«Փյունիկը» հաջորդ տնային հանդիպումը կանցկացնի Գյումրիի «Շիրակի» ստադիոնում։ Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Փյունիկը» սեպտեմբերի 16-ին կընդունի Երեւանի ԲԿՄԱ-ին։ 6 խաղից հետո Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 14 միավորով առաջին տեղում է։

«Ֆուտբոլը մասսայական մարզաձեւ է, որով զբաղվում են մեծ թվով երեխաներ: Ֆուտբոլի զարգացման նախապայմաններից մեկը նաեւ երկրպագուներն են: Այս ամենն ամբողջ աշխարհում: Հայաստանում ֆուտբոլի նկատմամբ վերաբերմունքն այլ է: Ամեն ինչ վերածվում է քաղաքականության, այդ թվում եւ ֆուտբոլը: Այսինքն՝ յուրաքնաչյուրն ուզում է ղեկավարել, թելադրել, ուրիշներին ղեկավարել, մասնավորապես թելադրել այն մարդկանց, որոնց այդ ամենը դուր չի գալիս: Լինում են նաեւ մարդիկ, որոնց դուր է գալիս, որ իրենց ղեկավարում են:

Կան մարդիկ, որոնք իրենց գումարները ներդնում են ֆուտբոլում: Կա կառույց՝ ֆեդերացիա, որը սնվում է այդ ներդրումներից, նաեւ գումարներ է ստանում միջազգային ֆեդերացիայից: Խոսքը բոլոր նորմալ երկրների մասին է: Հայաստանում այլ կարգեր են. Հայաստանի ֆեդերացիան սկսում է ղեկավարել այն մարդկանց, որոնք ներդրումներ են անում ֆուտբոլում: Իմ օրինակով՝ ես ֆուտբոլում ներդրում եմ անում, որպեսզի նրանք ինձ ասե՞ն՝ ես ինչ անեմ կամ չանեմ: Ես իմ հերթին տեսնում եմ, որ նրանք ինչ-որ բանում սխալ են եւ մեծ պարտականությունն եմ համարում նրանց ասել իրենց սխալների մասին: Ես ղեկավարում եմ մի մեծ ակումբ, որն ունի մեծ թվով մարզվող երեխաներ: Այս տեսանկյունից իմ պատասխանատվությունը կրկնապատիկ է: Եվ ես չեմ պատրաստվում համաձայնել ֆեդերացիայի ասածների հետ կամ թույլ տալ, որ նրանք ինձ ասեն՝ անել այսպես կամ այնպես:

Ես ունեմ դիրքորոշում, քաղաքականություն, ես իմ ակումբի աշխատանքում ներգրավում եմ մասնագետների, փորձագետների Եվրոպայից, Ռուսաստանից: Ամեն անգամ նրանք զարմանում են, թե ինչ քաղաքականություն է վարում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Այսօր մեր ակումբի հետ ֆեդերացիայի ունեցած խնդրի մասին խոսել եմ մեր ռուս բարձրաստիճան մասնագետներից մեկի հետ: Նա ասաց, որ այն ինչ անում է ՀՖՖ-ն, անթույլատրելի է, այդպես չի կարելի։

Սա մի հիվանդություն է, որը կլանում է բոլորին բոլոր ոլորտներում. «ռուլիտ անել», նույնիսկ եթե այդ ոլորտից ոչինչ չեն հասկանում:

«Փյունիկը» մի քանի տարվա ընթացքում դարձել է Հայաստանի ամենասիրված ակումբներից, թիմերից մեկը: Մենք հետեւում ենք մեր երկրպագուների քանակի աճին եւ ինձ, որպես ակումբի սեփականատիրոջ, այդ թվերն ուրախացնում են: Հաճելի է, որ մենք կարողանում ենք հաջողություններ գրանցել, որոնք ամենաշատն են: Երկրպագուներն ամենաշատը գալիս են մեր խաղերին:

Ինչ էլ տեղի ունենա «Փյունիկի» շուրջ, որքան էլ մեզ փորձեն խանգարել աշխատել եւ հասնել հաջողությունների, միեւնույն է, մենք կանգ չենք առնելու, որովհետեւ այս իրավիճակը ժամանակավոր է: ՀՖՖ-ի բոլոր ղեկավարներն ունեն պաշտոնավարման ժամկետ, որը մոտենում է ավարտին:

Շուտով տեղի է ունենալու նոր ընտրություններ դեկտեմբերին: Ես կարծում եմ, որ այս ամենը պայմանավորված է գալիք ընտրություններով: ՀՖՖ-ի ղեկավարությունը տեղյակ է, որ ես նրանց դեմ եմ եւ կանխավ փորձում են ինձ ժամանակից շուտ հեռացնել իրենց շարքերից, որպեսզի իմ ձայնը լսելի չլինի:

Ինձ համար այս ամենը պայքար է՝ այնպես, ինչպես ֆուտբոլն է պայքար: Ես չեմ վախենում այն ամենից: Մենք շարունակելու ենք պահպանել մեր սկզբունքայինությունը, հետեւողական լինել մեր դիրքորոշումներին:

Ես շատ եմ ուզում, որ «Փյունիկն» իր հետքն ունենա հայկական ֆուտբոլում եւ իր դրական ազդեցությունն ունենա մեր ակումբում մարզվող բոլոր երեխաների ապագա ֆուտբոլային կարիերայում։

Մնացած խոչընդոտների, ֆեդերացիայի կողմից ստեղծած խնդիրների հետ կռիվ կտանք, կպայքարենք եւ մեզ այդ խնդիրները չեն վախեցնում, որովհետեւ դրանք ժամանակավոր են»,- ասել է Արթուր Սողոմոնյանը:

Սեպտեմբերի 13-ին ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ պահանջելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային չեղարկել որոշումը Աբովյան եւ Արմավիր քաղաքների ստադիոններում հանդես գալու հնարավորությունից զրկելու վերաբերյալ։ Այս մրցաշրջանի մեկնարկից առաջ ՀՖՖ-ն «Փյունիկին» չէր տրամադրել նաեւ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տնային հանդիպումներն անցկացնելու հնարավորություն։