ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր՝ սեպտեմբերի 17-ին, մասնակցել է Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկությանը:

Նշենք, որ նրանք քվեարկել են Շենգավիթ վարչական շրջանի թիվ 8/16 ընտրական տեղամասում:


Նախքան նրա ժամանելը դեռ մեկ ժամ առաջ այստեղ էին եկել անվտանգության աշխատակիցներ ու ոստիկաններ:

Քվարկությունից հետո նա պատասխանել է լրագրողների հարցերին:

Նշենք, որ այսօր Երևանի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 475 տեղամասեր:

Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 475 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 1362 տեխնիկական սարքավորում:

Երեւանի ավագանու ընտրություններում քվեարկությունը կտեւի տեղական ժամանակով ժամը 08.00-ից մինչեւ 20.00-ը, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը։

Սպասվում է, որ կեսգիշերին մոտ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կսկսի հրապարակել ընտրությունների նախնական արդյունքները, և այդ գործընթացը կշարունակվի մինչև սեպտեմբերի 18-ի առավոտ։ Կեսօրից Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեք ժամը մեկ կտրամադրի ընտրողների մասնակցության տվյալները։

Ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով։ Կուսակցությունների ցուցակները գլխավորող անձինք Երևանի քաղաքապետի հավանական թեկնածուներ են։

Եթե որեւէ քաղաքական ուժի հաջողվի մայրաքաղաքի ներկայացուցչական մարմնում ստանալ մանդատների բացարձակ մեծամասնությունը (33), ապա դրա ներկայացուցիչն օրենքի ուժով, այսինքն՝ մեխանիկորեն, կդառնա Երեւանի քաղաքապետ։ Հակառակ դեպքում՝ կսկսվի քաղաքական կոալիցիաների ձեւավորման գործընթացը։ Երեւանի ավագանու 65 տեղի համար պայքարում է 13 քաղաքական կուսակցություն եւ 1 դաշինք։

«Հանրային ձայն» կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
3.«Արդար Հայաստան» կուսակցություն

4.«Հաղթանակ» կուսակցություն

5.«Ուժը հայրենյաց» կուսակցություն

«Հայաստանի եվրոպական կուսակցություն»
7.«Ազգային առաջընթաց» կուսակցություն

8.«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն

9.«Հանրապետություն» կուսակցություն

10.«Միացյալ Հայաստան» կուսակցություն

11.«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն
«Ապրելու երկիր» կուսակցություն
«Մայր Հայաստան» դաշինք (կազմված է «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություններից)։
Ընտրությունները դիտարկելու նպատակով հավատարմագրվել են «Ականատես», «Անկախ դիտորդ» և «Հայաքվե» համատեղ դիտորդական առաքելությունները։

Ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 40 տեղական զանգվածային լրատվության միջոցներ:

Ընտրությունները դիտարկելու համար հավատարմագրվել է նաև 2 միջազգային դիտորդական առաքելություն և 3 օտարերկրյա ԶԼՄ։

Երևան համայնքի ընտրողների թիվը 824250 է։