ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերություններում Թայվանի հարցը մնում է այն կարմիր գիծը, որը չի կարելի հատել։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի հետ բանակցություններում, որոնք տեղի են ունեցել Մալթայում։
«Թայվանի հարցը Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների հիմնական կարմիր գիծն է, որը չի կարելի հատել: ԱՄՆ-ն պետք է հետևի չին-ամերիկյան երեք համատեղ կոմյունիկեին և կատարի «Թայվանի անկախությանը» չաջակցելու իր պարտավորությունը, նրա խոսքն է մեջբերում Չինաստանի ԱԳՆ կայքը։
Վան Ին նաև ընդգծել է, որ «Չինաստանի զարգացումն ունի հզոր շարժիչ ուժ և հետևում է անխուսափելի պատմական տրամաբանությանը։ Այդ իսկ պատճառով այն չի կարելի կանգնեցնել, իսկ չին ժողովրդին չի կարելի զրկել զարգացման իր օրինական իրավունքից»։
Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են շարունակել Բալիում Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների ձեռք բերած կոնսենսուսի իրականացումը, երկու երկրների միջև բարձր մակարդակի փոխանակումները և երկկողմ խորհրդակցություններ անցկացնել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերի շուրջ։