Կրեմլը հաստատել է, որ անցած շաբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել Ռուսաստանի նախագահին, որում ներկայացրել է Երևանի դիրքորոշումը տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այս նամակից հետո Վլադիմիր Պուտինի և Փաշինյանի միջև այլ շփումներ չեն եղել, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
«Նախագահ Պուտինն ինքը Վլադիվոստոկում ասաց, որ իսկապես եղել է մանրամասն նամակ, որտեղ շարադրված է հայկական կողմի տեսակետը տեղի ունեցողի վերաբերյալ»,- ասել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով, «այն ժամանակ աշխատանքներ էին տարվում դեպի Ղարաբաղ մարդասիրական օգնության հոսքը վերսկսելու ուղղությամբ, և ի գոհունակություն մեզ, երեկվա դրությամբ այդ աշխատանքը պսակվեց հաջողությամբ. առաջին խմբաքանակը (մարդասիրական օգնության) գնաց երկու ուղղությամբ՝ Աղդամի եւ Լաչինի ճանապարհներով»։
«Սակայն, ցավոք, դա մեզ չփրկեց ռազմական գործողությունների վերսկսումից»,- ընդգծել է Պեսկովը։