Հայաստանը շարունակում է պաշտպանել միայն ՀՀ-ի սուվերեն տարածքը, եւ սա է ՀՀ-ի առաջնահերթությունը: Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«ԼՂ-ում ստեղծված իրավիճակի հետ կապված միջազգային հանրությունը, առաջնահերթ ՌԴ-ն պետք է քայլեր ձեռնարկի, որովհետեւ գետնի վրա իրենք ներկայություն ունեն, իրենց խաղաղապահներն այնտեղ են, որոնց պարտավորությունն է ոչ թե պարզապես բժշկական օգնություն ցուցաբերեն, այլ իրականում պաշտպանեն ԼՂ-ում ապրող հայերի անվտնգությունը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակներում»,-ասաց նա:
Ճշտող հարցին՝ մենք չպե՞տք է միջամտենք Արցախում ռազմական գործողություններին, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Մենք պետք է ինտենսիվ աշխատենք միջազգային հանրության հետ, նաեւ Ռուսաստանի հետ, որ նա իր պարտավորությունները կատարի»:
Դիտարկմանը, որ Հայաստանը իր քայլերով գրգռում է Մոսկվային, մասնավորապես, Հռոմի ստատուտի վավերացման գործընթացով, Արմեն Գրիգորյանը նկատեց, որ Հայաստանն այդ պրոցեսն սկսել է 2021-ի վերջին, երբ դեռ ռուս-ուկրաինական պատերազմը չկար. «Հռոմի ստատուտը գործիք, որով Հայաստանը հնարավորություն ունի դա օգտագործելով Հայաստանի տարածքը պաշտպանել: Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»: