Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահների առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։ Արցախի տեղեկատվական շտաբի հրապարակած հայտարարությունում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։ Այս մասին ասված է Արցախի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ, որը տարածել է Արցախի տեղեկատվական կենտրոնը։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտուց ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինված կազմավորումների լուծարման ու ամբողջական զինաթափման, Լեռնային Ղարաբաղի տարածքից ծանր տեխնիկայի և սպառազինության դուրսբերման շուրջ՝ դրանք արագ ուտիլիզացնելու նպատակով։
Ադրբեջանական կողմի բարձրացրած հարցերը վերաինտեգրման, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության ապահովման, ինչպես նաև Ադրբեջանի Սահմանադրության շրջանակում Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսապահովման հարցերը՝ համաձայն ձեռք բերված համաձայնության՝ կքննարկվի տեղի հայ բնակչության և Ադրբեջանի Հանրապետության կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների միջեւ հանդիպմանը, որը տեղի կունենա Եվլախ քաղաքում 2023 թվականի սեպտեմբերի 21-ին և հետագա հանդիպումների ժամանակ»,– ասվում է հայտարարությունում։