Չինաստանի անվտանգության խիստ օրենքները եւ ավելի «քաղաքականացված» միջավայրը դժվարություններ են ստեղծում եվրոպական ընկերությունների համար եւ ստիպում են թերահավատ լինել Չինաստանում իրենց ապագայի հարցում։ Այս մասին հայտնել է առեւտրի գծով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը, տեղեկացրել է AFP-ն։

Նրա խոսքով՝ «Ուկրաինայում պատերազմի համար Ռուսաստանին մեղադրելուց Չինաստանի հրաժարումը» եւս ռիսկային է հեղինակության առումով։ Նա նշել է, որ թափանցիկությունը եւ բաց լինելը «շահեկան ռազմավարություն են երկարաժամկետ հեռանկարում»՝ այն ժամանակ, երբ առեւտրային լարվածությունը եվրոպական դաշինքի եւ Չինաստանի միջեւ խորանում է։ «Չինաստանը բարդ անցում է կատարում ներդրումների վրա հիմնված տնտեսությունից լայն բազա ունեցող տնտեսության»,- ասել է նա։ «Նա դրա համար պետք է բաց մնա»։


Դոմբրովսկիսի քառօրյա ուղեւորությունը, որն սկսվել է շաբաթ օրը, հաջորդել է ԵՄ Առեւտրային պալատի հաշվետվությանը, որը ցույց է տվել, որ գործնական վստահությունը ամենացածր մակարդակներից մեկում է վերջին տարիների ընթացքում։ Դա հաջորդել է նաեւ Պեկինի կողմից էլեկտրամոբիլների սուբսիդավորման մասին Բրյուսելի հետաքննություն սկսելու որոշմանը։

Հետաքննությունը կարող է հանգեցնել այն բանին, որ ԵՄ-ն փորձի պաշտպանել եվրոպական ավտոարտադրողներին՝ տուգանքներ մտցնելով այն ավտոմեքենաների համար, որոնք, նրա կարծիքով, անարդարացիորեն վաճառվում են ավելի ցածր գնով։

Չինաստանի առեւտրի նախարարությունը դատապարտել է ԵՄ «բացահայտ հովանավորչությունը» եւ հայտարարել, որ այդ միջոցները «բացասական ազդեցություն կունենան Չինաստանի եւ ԵՄ տնտեսական ու առեւտրային հարաբերությունների վրա»։

Դոմբրովսկիսը հայտնել է, որ Չինաստանը գրավիչ ներդրումային հնարավորություններ ունեցող երկիր է մնում եվրոպական բիզնեսի համար։ «ԵՄ-ն եւ Չինաստանը հսկայական շահ են ստացել աշխարհի հանդեպ իրենց բացության շնորհիվ»,- ասել է նա՝ ավելացնելով, որ «եվրոպական ընկերությունները նախկինի պես ցանկանում են ներդրումներ անել այստեղ, բայց միայն այն դեպքում, եթե պայմանները հարմար լինեն»։