Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր՝ սեպտեմբերի 27-ին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանարապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Հայտնում են ՀՀ Ֆինանսների նախարարությունից:
Նախարար Հովհաննիսյանը, շնորհավորելով դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու առիթով, հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստան-Իրան հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ավելի ամրապնդվել:
Մեհդի Սոբհանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ու ընդգծել ԻԻՀ կառավարության շահագրգռվածությունը` ֆինանսատնտեսական համագործակցության բոլոր ուղղություններով երկու երկրների կապերը զարգացնելու հարցում:
Նախարար Հովհաննիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել դեսպանին եւ պատրաստակամություն հայտնել ակտիվ համագործակցել ենթակառուցվածքների ֆինանսավորման, առեւտրաշրջանառության ընդլայնման, մասնավոր ներդրումների խթանման գործիքների եւ մի շարք այլ կարեւոր ուղղություններով:
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային մի շարք այլ թեմաների, մասնավորապես՝ քննարկել են հանրային ֆինանսների ոլորտում փորձի եւ գիտելիքի արդյունավետ փոխանակման ուղղությամբ համագործակցության խորացման հարցեր: