Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով երեկ կայացած նախագահական ընտրությունների ժամանակ արձանագրված  ընտրախատումներին դրանք բաժանեց 4 մասի: Առաջին խոշոր խախտումը Խուրշուդյանը համարեց  ընտրակաշառքի համատարած բաժանումը, ապա ` բաց և վերահսկելի քվեարկությունը, այնուհետև` լրացուցիչ ընտրացուցակների կեղծ և անհիմն օգտագործումը: Չորրորդ խոշոր խախտումը Խուրշուդյանը համարեց թանաքների շուտ անհետացման հանգամանքը.«Այդ թանաքը չէր դիմանում 12 ժամ»,-առանձնացրեց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի մամուլի քարտուղարը ընդամենը 2 օրում  հավաքել և ամբողջացրել է 121 կետանոց ընտրախախտումների ցուցակ, որոնցից զգալի մասը փաստագրված են:

 Նա ասաց նաև, որ նյութեր են նախապատրաստում, որ ընտրությունների արդյունքները բողոքարկեն:

Նշենք, որ այսօր ժամը 17.00-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ասուլիս է տալու Ազատության հրապարակում, որտեղ էլ կտա այս ընտրությունների քաղաքական  գնահատականը: