Ուշադրությունը կենտրոնացնելով Ուկրաինայի վրա՝ միջազգային հանրությունը աչք փակեց այլ վայրերում տեղի ունեցող էթնիկ զտումների առջեւ։ Ավելի քան 120 000 հայեր վտարվեցին իրենց հայրենիքից՝ Լեռնային Ղարաբաղից, Ադրբեջանի ջանքերով։ Բայց եւ այնպես, ոչ մի համաշխարհային տերություն գործողություններ չձեռնարկեց, որպեսզի կանխի այդ ողբերգությունը, գրել է News18 հնդկական պորտալը։
Ահա եւ ձեզ Արեւմուտքի կեղծ բարեպաշտական քարոզները կամ Ռուսաստանի վախեցնող անխոհեմությունը։ Բոլոր նրանց համար, որոնց հուզում է սա, ներկա իրավիճակը կարելի է բնութագրել հետեւյալ կերպ. Ադրբեջանը գործողությունների ազատություն ունի, որպեսզի հայերի հետ անի ինչ մտքով անցնի։
Հազարավոր հայեր փախչում են տարածաշրջանից, որը հազարամյակներ իրենց տունն են անվանել։ Հակամարտությունը աշխարհաքաղաքական պայքարի սարսափելի դաս է, որն ընդգրկել է Անդրկովկասյան տարածաշրջանը, այն բազմաթիվ զոհեր եւ անարդարություն է թողել։ Այն դեպքում, երբ աշխարհը դավաճանեց Հայաստանին, Հնդկաստանը պետք է ավելի կարեւոր դեր խաղա։
Հայաստանը պատրաստ է ընդունել բոլոր փախստականներին, իսկ Ադրբեջանը, վերջնականապես հաղթելով հայերին, պատրաստ է լիակատար վերահսկողություն սահմանել Լեռնային Ղարաբաղում։ Փաստորեն, հարցն արդեն լուծված է, քանի որ Ադրբեջանը հայտնվել է աշխարհաքաղաքական շահավետ վիճակում։
Ռուսաստանը ընդամենը միջնորդի դեր է խաղում, իսկ նրա խաղաղապահ ուժերը քիչ բան արեցին, որպեսզի կանգնեցնեն Բաքվի առաջխաղացումը։ Եվ դա՝ չնայած այն բանին, որ Ռուսաստանը Հայաստանի, որի տարածքը եւս ենթարկվում է հարձակման, դաշնակիցն է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գծով։ Հայաստանի դաշնակից Իրանը եւս մտահոգ է այս հակամարտությունից։ ԵՄ-ն Ադրբեջանը դիտարկում է որպես գազի այլընտրանքային աղբյուր։
Խնդիրն այստեղ այն է, որ Ադրբեջանի գազի հանքավայրերի մեկ քառորդը պատկանում է Ռուսաստանին, եւ, ավելին, նա ռեսուրսներ չունի անգամ Եվրոպայի պահանջմունքների մի մասի բավարարման համար, ինչը նրան ռուսական եւ իրանական գազի հարմար եւ անուղղակի աղբյուր է դարձնում։ Իսկ Միացյալ Նահանգները չափից շատ է շահագրգռված Ուկրաինայի միջոցով Ռուսաստանին հաղթելու, քան հայկական ողբերգությունը կանխելու հարցում։ Եվ համապատասխանաբար, Թուրքիան, որն աջակցել է Ադրբեջանին զենքով եւ վաձկաններով հայերի դեմ, վայելում է այդ հաղթանակը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «փաստը, որ Ադրբեջանն իրավացի է, կասկածի չի ենթարկվում խոշոր միջազգային խաղացողների կողմից»։ Դա ճիշտ է։ Եվ դա Ալիեւին համարձակություն տվեց քիթը խոթել Հայաստան։ Իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է բարձրաձայն արտահայտվել Ռուսաստանի անգործության եւ հայերին օգնել չկարողանալու առիթով, չնայած այն բանին, որ ՀԱՊԿ գծով դաշնակից է։
Բաքուն ոչ միայն ցանկանում է վերահսկողություն սահմանել Լեռնային Ղարաբաղի հանդեպ, այլեւ ձգտում է խցկվել Հայաստանի հարավ, որպեսզի միանա Նախիջեւանի ադրբեջանական անկլավին եւ ստեղծի չընդհատվող միջանցք իր եւ Թուրքիայի միջեւ։
Ադրբեջանն ու նրա թուրք կողմնակիցները դաժան պատմություն են հյուսում։ Նրանց խոսքով՝ հայերի զանգվածային արտագաղթը ինքնակամ է, եւ նրանցից ոչ մեկին չեն խնդրել հեռանալ։ Բայց նրանց անվտանգությունը երաշխավորված չէ։ Դրա փոխարեն ռումբեր են պայթում եւ սպանվում են խաղաղ բնակիչներ անգամ հայերի հեռանալուց հետո։ Դարեր շարունակ բախվելով թյուրքական իսլամական ուժերի դաժան հետապնդումներին՝ հայ քրիստոնյաները գիտեն, որ ավելի լավ է գթության հույս չունենան։
1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո հարյուր տարի է անցել, բայց Թուրքիայի թշնամանքը հայերի հանդեպ պահպանվում է։ 2020-ից նա աջակցում է Ադրբեջանի պատերազմին եւ զենք ու սիրիացի վարձկաններ ուղարկում, որպեսզի կշեռքի նժարը շրջի հօգուտ Բաքվի։ Պակիստանը միացել է ռազմական արշավին, եւ նրա զինվորները, ենթադրաբար, նույնպես կռվել են Ադրբեջանի կողմում։ Անկարա-Բաքու-Իսլամաբադ եռյակը վայելում է գործողությունների ազատությունը Հարավային Կովկասում, եւ նրանց դաժան աշխարհաքաղաքական հաղթանակի ազդեցությունը կանդրադառնա տեսանելի ապագայի վրա։
Հնդկաստանը խորապես հետաքրքրված է Հարավային Կովկասի տարածաշրջանով։ Ակտիվ հակամարտությունը վերաբերում է Հյուսիս-Հարավ Միջազգային տրանսպորտային միջանցքին (INSTC), որն անցնում է այս տարածաշրջանով։ Սակայն, ինչպես եւ համաշխարհային տերությունների մեծ մասում, նրա արձագանքը Ադրբեջանի դատապարտելի ռազմական գործողություններին լռեցված էր։ Բայց Նյու Դելին չի մոռանում այդ սպառնալիքի մասին աշխարհի այդ հատվածում, հատկապես նկատի ունենալով այն, որ Ադրբեջանն աջակցում է Պակիստանի հավակնություններին Քաշմիրի հարցում։ Երբ բանը հասնում է Հնդկաստանին, Պակիստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի եռյակը ոչ մի լավ բան չի մտածում։ Երեք երկրները մասնակցում են զորավարժությունների եւ պաշտոնապես պաշտպանում են միմյանց դիրքորոշումները Քաշմիրի, Կիպրոսի եւ Լեռնային Ղարաբաղի հարցում։
Մինչդեռ, Հայաստանը անկեղծորեն աջակցություն է հայտնել Հնդկաստանին Քաշմիրի վերաբերյալ։ Չնայած Բաքվի բողոքներին՝ Հնդկաստանը Երեւան զենք է արտահանում, այդ թվում Pinaka բազմափող հրթիռային կայանք, որը ամերիկյան HIMARS-ի համարժեքն է։ Հնդկաստանը նաեւ Հայաստան է արտահանել «Սվաթի» հակամարտկոցային ռադիոլոկացիոն համակարգեր։
Հնդկաստանի դերն Անդրկովկասում առաջիկա տարիներին անպայման կուժեղանա։ Սակայն Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան եռյակը սպառնում է Հնդկաստանի աշխարհաքաղաքական պլացդարմին տարածաշրջանում։ Հայաստանը Հնդկաստանի նույնքան բնական, որքան եւ ռազմավարական դաշնակիցն է, եւ Նյու Դելին պետք է համարձակորեն նրան օժտի լիազորություններով, որպեսզի զսպի Թուրքիայի, Ադրբեջանի եւ Պակիստանի սողոսկումները»։