Ամուսնական կյանքի 9 տարիների ընթացքում Արմինեն հանդուրժում էր ամուսնու և սկեսրոջ կողմից իր նկատմամբ գործադրվող բռնությունն ու ամենօրյա ճնշումները: 7-ամյա դուստրն ու 6-ամյա որդին ամեն օր այդ ամենի ականտեսն էին դառնում : Նա նույնիսկ չէր կարողանում հատուկ խնամքի կարիք ունեցող իր դստերը տանել համապատասխան կրթական հաստատություն, քանի որ ընտանիքը չէր ցանկանում, որ շրջապատում իմանային այդ մասին:

Մի օր, այլևս չհանդուրժելով ծեծն ու վիրավորանքը, Արմինեն գիշերով փախել է տանից՝ այնտեղ թողնելով իր երկու անչափահաս երեխաներին: Հասնելով Երևան նա գնացել է հիվանդանոց, որտեղից էլ հանցագործության մասին անմիջապես հաղորդում են տվել ոստիկանությանը, իսկ կնոջն ուղղորդել «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ: Հասարակական կազմակերպությունը, մտահոգված լինելով նախատեսվող դատաբժշկական փորձաքննության անաչառությամբ, դիմել էր Օմբուդսմենին, ում միջամտությամբ էլ ապահովվել է դատաբժշկական փորձաքննության արդար ընթացքը:

Օրերս «Կանանց աջակցման կենտրոնից» կրկին խնդրել էին Պաշտպանի միջնորդությունը, այս անգամ համայնքի Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կողմից անգործություն դրսևորելու հետ կապված, քանի որ ամուսնու մոտ մնացած անչափահաս երեխաներին տեսնելու համար նրանց կողմից տնայցեր չէին իրականացվում:
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությունից հետո Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի ղեկավարը պատրաստակամություն հայտնեց աջակցել Արմինեին: Վերջինիս և մարզպետարանի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների բաժնի պետի ակտիվ մասնակցությամբ Արմինեն կարողացավ կապ հաստատել իր երեխաների հետ:

Այժմ դուստրն արդեն մոր մոտ է և հաճախում է հատուկ դպրոց: Նրանք միասին բնակվում են Կանանց աջակցման կենտրոնի կացարանում, իսկ շուտով իրենց կմիանա նաև որդին: Արմինեն այսօր արդեն մասնակցում է համակարգչային և այլ դասընթացների, ինչպես նաև հոգեբանի հետ աշխատանքների շնորհիվ փորձում է լիարժեքորեն ինտեգրվել հասարակություն:

Խնամակալության և հոգաբարձության մարմնի և Մարզպետարանի աջակցությամբ կինը ձեռք է բերել նաև երեխաների ծննդյան ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքները՝ երեխաների խնամակալության հարցով դատարան դիմելու համար:

Ելնելով գաղտնիության սկզբունքից՝ կնոջ անունը փոխված է: