Կարծում եմ, որ Ադրբեջանը մեծ պատասխանատվություն ունի այն պահից, երբ սկսեց ռազմական գործողությունը։ Այս մասին Euronews-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ խորհրդի ղեկավար Շառլ Միշելը` պատասխանելով հարցին, որ հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ, և ինչպես կարելի է վստահություն ստեղծել այս պայմաններում։
«Այժմ Ադրբեջանը պետք է բարի կամք դրսևորի և միջազգային հանրությանը ներգրավի իրավիճակի մոնիտորինգին, որպեսզի Ադրբեջանում ապրող ողջ բնակչության, այդ թվում՝ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանված լինեն», - ասել է Միշելը՝ անդրադառնալով մեկնաբանությանը, որ Բրյուսելի հարաբերությունները Բաքվի հետ մնում են բարդ, բայց խոստումնալից:
Անցյալ տարի Եվրամիությունը շատ բան արեց Ադրբեջանից ավելի շատ բնական գազ ստանալու համար: ԵՄ խորհրդի ղեկավարն ասել է, որ Ադրբեջանը պետք է ավելի շատ ներգրավվի Կովկասում անվտանգության ամրապնդման և համագործակցության զարգացմանն ուղղված ջանքերում, Միշելը նշել է. «Արդյո՞ք նա այսօր գործընկեր է: Այո, նա գործընկեր է։ Արդյո՞ք սա նշանակում է, որ հարաբերությունները պարզ են: Ոչ, հարաբերությունները պարզ չեն: Արդյո՞ք սա նշանակում է, որ այս հարաբերություններում դժվարություններ կան: Այո, իրականությունը դժվար է, և սա պետք է հասկանալ»։