Ադրբեջանի և Իսրայելի միջև զենքի շարունակվող առևտրի մանրամասներն անհայտ են։ Այս մասին CNN-ին ասել է SIPRI-ի ավագ գիտաշխատող Փիթեր Վեզեմանը:
Ադրբեջանն ու Իսրայելը սերտ ռազմական գործընկերներ են. Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ 2017-2020 թվականներին ադրբեջանական զենքի ներմուծման 60%-ից ավելին կատարվել է Իսրայելից, ինչը կազմում է իսրայելական արտահանման 13%-ը նույն ժամանակահատվածում։ SIPRI-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2010-2020 թվականներին Ադրբեջանը Իսրայելից գնել է անօդաչու թռչող սարքերի, հրթիռների և ականանետների լայն տեսականի:
«Մենք բավականին շատ տեղեկություններ ունեինք մինչև 2020 թվականը, իսկ հետո ամեն ինչ դադարեց», - ասել է Վեզեմանը: «Եվ դա իրականում իմաստ չունի, քանի որ Ադրբեջանը 2020 թվականին օգտագործել է իր տեխնիկայի զգալի քանակություն... Նրանք, հավանաբար, շարունակել են իրենց հարաբերությունները Իսրայելի հետ»:
Ենթադրվում է, որ առևտուրը հատկապես ակտիվ է եղել Ադրբեջանի պատերազմի մեջ մտնելուց անմիջապես առաջ: Haaretz-ի 2023 թվականի մարտի հոդվածում հաստատվել է, որ ադրբեջանական ավիաընկերությունների թռիչքների թիվը Բաքվի և Օվդա ավիաբազայի միջև՝ Իսրայելի միակ օդանավակայանը, որով կարելի է պայթուցիկներ տեղափոխել, կտրուկ աճել է մի քանի ամսվա ընթացքում՝ 2020 թվականի սեպտեմբերին Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումից անմիջապես առաջ։
Նմանապես, սեպտեմբերի կեսերին Haaretz-ը հայտնել էր, որ նույն ընկերությունը թռիչքներ է կատարել Բաքվի և Օվդայի միջև մեկ շաբաթից էլ քիչ առաջ, երբ Ադրբեջանը սկսել է իր վերջին հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ: CNN-ը դիմել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը և համապատասխան ավիաընկերությանը, սակայն պատասխան չի ստացել։ Իսրայելի պաշտպանության նախարարությունը, որը վերահսկում է Օվդա օդանավակայանը, նույնպես չի մեկնաբանել։
«Մենք չգիտենք, թե ինչ է եղելինքնաթիռում, բայց շատ հավանական է, որ դա կապված է ռազմական տեխնիկայի հետ, որը Իսրայելը նախկինում արդեն մատակարարել է Ադրբեջանին», - ասել է Վեզեմանը:
Իսրայելի և Ադրբեջանի միջև զենքի առևտուրն արտացոլում է նրանց դիվանագիտական հարաբերությունները, որոնք ժամանակին ԱՄՆ սպրդած դիվանագիտական հեռագրում նկարագրվում էին որպես «այսբերգի նման, որի ինը տասներորդը... մակերևույթի տակ է»: Չնայած տասնամյակների երկկողմ համագործակցությանը, Ադրբեջանը միայն այս տարի դեսպանություն բացեց Իսրայելում։
Սակայն նրանց կապերը դուրս են գալիս զենքի ու զինամթերքի շրջանակից։ ՏՀԿ-ի տվյալները ցույց են տալիս, որ Իսրայելն իր հում նավթի 65%-ը գնել է Ադրբեջանից 2021 թվականին: Ենթադրվում է, որ երկրները նաև հետախուզական տեղեկություններ են փոխանակում Իրանի՝ Իսրայելի ոխերիմ թշնամու, մասին, որի հետ սահմանակից է Ադրբեջանը:
Հաղորդվում է, որ Ադրբեջանը նաև թույլ է տվել իսրայելական «Մոսադ» լրտեսական գործակալությանը իրեն օգտագործել որպես Իրանի դեմ լրտեսության կենտրոն: (Իսրայելի պաշտպանության նախարարությունը մերժել է մեկնաբանել այս հարցը):
Իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների փորձագետ, Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտի նախագահ Էֆրաիմ Ինբարի վկայությամբ, երկրների միջև կապերն ամրապնդվել են 2020 թվականից: «Նավթի և զենքի վաճառքը շարունակվում է. Ադրբեջանն ավելի մեծ ճնշում է զգում Իրանի կողմից, որի միջազգային դիրքերը բարելավվում են»,- CNN-ին ասել է Ինբարը: «Իսրայելում համակրանք չկա Հայաստանի հանդեպ, որը համարվում է Իրանի դաշնակիցը»։
Ըստ նրա, երկրում քաղաքական դիմադրություն չկա Ադրբեջանին զենք վաճառելու հարցում։ «Զենքի վաճառքը մեծ հրապարակայնություն չի ստանում», - ավելացրել է նա: «Սակայն քաջ հայտնի է իսրայելական անօդաչու թռչող սարքերի կիրառումն Ադրբեջանի պատերազմում։ Իսրայելցիները հպարտանում են իրենց զենքերով. Զենքի վաճառքը համարվում է շահավետ Իսրայելի համար»։
Սակայն հարցն այն է, թե որքան հեռու է պատրաստ Իսրայելը գնալ Ադրբեջանին Հայաստանի հետ հակամարտությունում աջակցելու հարցում: Երկու երկրների միջև շարունակվող սահմանային ճգնաժամը հանգեցրել է ադրբեջանական ներխուժման հայկական տարածք, և ադրբեջանական զորքերը ներկայումս գրավել են Հայաստանի Սյունիքի մարզի սահմանների մոտ գտնվող տարածքները: Հայաստանում շատերը մտահոգված են, որ խրոխտացած Ադրբեջանը կփորձի ներխուժել իրենց երկիր, բայց Ադրբեջանը հերքում է դա: Որոշ մտահոգություններ կապված են Նախիջևանի հետ, որը սահմանակից է Թուրքիային և Հայաստանին, ինչպես նաև Բաքվի ցանկության հետ, որը ցանկանում է տրանսպորտային միջանցք ստեղծել, որը Նախիւևանը կկապի երկրի մնացած մասին:
Միջազգային հանրության որոշ ներկայացուցիչներ Ղարաբաղից հայերի գաղթից հետո Ադրբեջանի դեմ գործողությունների կոչ են անում։ ԱՄՆ-ում, որտեղ հայկական մեծ սփյուռք կա, Կոնգրեսի մոտ 100 անդամ կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Բաքվի նկատմամբ, և ԵՄ օրենսդիրները ևս կոչ են արել դաշինքին պատժիչ միջոցներ դիտարկել:
Վեզեմանն ասել է, որ Իսրայելը կարող է հայտնվել իր արևմտյան դաշնակիցների ճնշման տակ՝ Ադրբեջանին զենքի վաճառքը վերանայելու հարցում: «Սա կվնասի Իսրայելի՝ Ադրբեջանի հետ հարաբերություններին, բայց միևնույն ժամանակ Իսրայելը պետք է մտածի եվրոպական երկրների հետ հարաբերությունների մասին, որոնք ավելի կարևոր գործընկերներ են»։
Էֆրաիմ Ինբարն ասել է, որ Իսրայելը ցանկանում է պահպանել Ադրբեջանի համար հուսալի մատակարարի իր համբավը։ «Ամեն դեպքում,- հավելել է նա,- Իսրայելի համար Ադրբեջանը շատ ավելի կարևոր է, քան Հայաստանը։ Հենց ռեալ պոլիտիկն է առաջնորդում Իսրայելի արտաքին քաղաքականությունը»: