Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող երկու բարձրահարկ շենքերի, որոնք օգտագործվում էին ՀԱՄԱՍ-ի ակտիվները տեղակայելու համար, գրում է Times of Israel-ը:
«ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությունը միտումնավոր իր ռազմական ակտիվները տեղավորում է Գազայի հատվածի խաղաղ բնակչության հենց սրտում», - ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ:
«Մինչ հարվածը հասցնելն Իսրայելի պաշտպանության բանակը նախապես զգուշացրել է շենքի բնակիչներին և խնդրել է տարհանվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իր հերթին, Իսրայելի էներգետիկայի և ազգային ենթակառուցվածքների նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ հրամայել է դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Գազայի հատված։
«Ես հրաման եմ ստորագրել, որով հրամայվում է էլեկտրական ընկերությանը (Իսրայելի - խմբ.) դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Գազայի հատված: Այն, ինչ նախկինում էր, այլևս չի լինի»,- գրել է Կացը X սոցիալական ցանցում։