Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի որոշումն անմեղսունակության վառ դրսևորում է: YerevanNews.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վերջինիս որոշմանն այն մասին, որ այսուհետ թույլատրվում է Ադրբեջանից և Թուրքիայից սննդամթերքի ներմուծումը Հայաստան, այսպես արտահայտվեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Դա մեր խնդիրն է, մեր պետության խնդիրն է: Մենք չենք կարող տեսնել Թուրքիայի կամ Ադրբեջանի խանութներում հայկական որևէ ապրանք, բայց մեզ մոտ ողողված է թուրքական ապրանքը», - նշեց նա, հավելելով, որ սա տնտեսական ժամանակակից սանկցիաներ են, որը կիրառվում է պետությունների կողմից:
Նրա խոսքերով, քաջ գիտակցելով, որ Թուրքիան մեր թշնամին է և վերջինիս դեմ պետք է պայքարել պետական քաղաքականության միջոցով, սակայն, պատգամավորի խոսքերով, դրա փոխարեն տեսնում ենք, որ մեր պետական իշխանությունն անկախ չէ, այլ՝ դրածո է:
«Այդ քեմալաբոլշևիկյան սահմանը, որը գծված է Թուրքիայի հետ, հետևանք է դառնում նման որոշումների համար և մենք դառնում ենք այդ որոշումների կրողը», - եզրափակեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի՝ հունիսի յոթի որոշմամբ, այսուհետ թույլատրվում է օրինական ճանապարհով Ադրբեջանից և Թուրքիայից սննդամթերքի ներմուծում Հայաստան:


