Սա նոր հարց չէ։ Վերջին 34 տարում Իրանն Ադրբեջանին տարածք եւ միջանցք է տրամադրել համագործակցության համար։ Այս մասին ասել է ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին՝ պատասխանելով միջանցքի մասին հարցին, որն Ադրբեջանը կկապի Նախիջեւանի հետ Իրանի տարածքով, տեղեկացրել է Tasnim-ը։
«Այս շրջանակում համագործակցությունը շարունակվում է, բայց տարածաշրջանի նոր պայմանների համաձայն՝ գոյություն ունի նոր համագործակցության հաստատման հնարավորություն՝ նոր աշխարհագրության համապատասխան, եւ ադրբեջանական կողմը խնդրել է Իրանին համագործակցության մասին, ու Թեհրանը դա ողջունել է։ Բազրփաշի (ԻԻՀ տրանսպորտի նախարար Մեհրդեդ Բազրփաշ) ուղեւորությունն (Ադրբեջան) եւ նոր կամրջի բացումը այն շրջանակում են, ինչ եւ համագործակցությունն Իրանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչպես նաեւ հաղորդակցային միջանցքը։ Մենք աջակցում ենք համագործակցությանը տարանցման եւ տարածաշրջանային միջանցքների հարցում, բայց ընդգծում ենք, որ միջանցքները պետք է ստեղծվեն երկրների ինքնիշխանության եւ միջազգային իրավունքի պահպանմամբ։ Քննարկվել են տարբեր թեմաներ»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ որ անցած հանգստյան օրերին օկուպացված Զանգելանի շրջանի Աղբանդ գյուղում տեղի է ունեցել Ադրբեջանից Իրան Արաքս գետի վրայով ավտոմեքենաների կամրջի հիմնարկեքի արարողությունը։ Տեղեկացվել է, որ կամրջի շինարարության հետ միասին կստեղծվի սահմանային եւ մաքսային ենթակառուցվածք։
Կողմերի կարծիքով՝ «ստեղծվող ենթակառուցվածքները կնպաստեն բեռնափոխադրումների ավելացմանը եւ կթեթեւացնեն մուտքն ու ելքը Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն»։