«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանն ու Արցախը փրկիչների պակաս չունեն, բայց դեռ փրկություն էլ չկա. Արցախը հայաթափված է, Հայաստանի գլխին էլ բազում վտանգներ են կուտակված: Ժամանակ առ ժամանակ հայտնվում են գործիչներ, որոնք հավակնում են նորից փրկել բազմաչարչար մեր ժողովրդին:

Ֆեյսբուքյան տիրույթում եւ մի քանի այլ սոցիալական հարթակներում այս տարվա հուլիսի 1-ից սկսել է ակտիվանալ ու գովազդել իր գործունեությունը Մհեր Ավետիսյան անունով գործարարը: Նա 1 օրում անգամ 4-5 վիդեո կոնտենտ է հրապարակում՝ սարքովի հարցազրույցների ձեւաչափով, որտեղ խոսում է ազգային հարցերից, փրկության գաղափարներից: «Անմահ Գունդ» միջազգային շարժման գլխավոր համակարգող ներկայացած Մհեր Ավետիսյանը մե՛կ լուսանկարներ է տեղադրում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ, մե՛կ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հետ, ՌԴ կառավարության նախկին ղեկավար հարգելի Սերգեյ Ստեպաշինի հետ՝ տպավորություն ստեղծելով, թե մտերիմներ են, եւ հետաքրքիր հերթական զրույցներն է ծավալվում նրանց հետ:


Վերջերս էլ Սյունիքում Մհեր Ավետիսյանը Ռուսական գրքի տուն է հիմնադրել, ներկայանում էր իբրեւ ռուս-հայկական գործարար խորհրդի վարչության նախագահ։ Հոկտեմբերի 5-ին էլ գործարար Մհեր Ավետիսյանը բաց ֆորմատով քննարկման է հրավիրել ՀՀ բոլոր գործիչներին, կուսակցականներին՝ առանց նախկին եւ ներկա ղեկավարների: Նա հրավիրում է քննարկման հայկական պետականությունը պահպանելու թեմայով: Իսկ ո՞վ է Մհեր Ավետիսյանը: 2011թ. մամուլը գրել է. «ՌԴ «Ռենովա» ընկերության տնօրեն Գեորգի Իոսիֆյանն իր նամակում պատմում է, թե Կճոյանն ու նրա սանիկ՝ «Jose» ռեստորանային համալիրի սեփականատեր Մհեր Ավետիսյանն ինչպիսի ֆինանսական սխեմաներ են գծագրել, որպեսզի միլիոններ աշխատեն խաբեության եւ Հայաստանի հեղինակությունը խայտառակելու գնով:

Նրանք դա արել են ՀՀ վարչապետ, այն ժամանակ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի միջոցով: Հենց նրա ցուցումով է Կճոյանն ուղղակի բանակցությունների մեջ մտել բանկիրների հետ՝ նրանց գործունեության համար պահանջելով տարեկան 1 միլիոն ԱՄՆ դոլար: 2008թ. մայիսի վերջին հունիսի սկզբին Արարատյան թեմի առաջնորդ, եպիսկոպոս Նավասարդ Կճոյանի սանիկը՝ Մհեր Ավետիսյանը, հանդիպում է կազմակերպում ղազախական ԲՏԱ բանկի կառավարումն իրականացնողի ներկայացուցիչ Ռոման Սոլոդչենկոյի եւ Նավասարդ Կճոյանի միջեւ, որպեսզի Կճոյանը հաստատի այն տեղեկությունը, համաձայն որի՝ ՀՀ կենտրոնական բանկը, որի ղեկավարն այն ժամանակ Տիգրան Սարգսյանն էր, իբր, պահանջում է ԲՏԱ բանկի հայաստանյան մասնաճյուղից տարեկան 1 մլն դոլար՝ իբրեւ վճար ԿԲ լոյալության դիմաց»:

Ու նույն Մհեր Ավետիսյանը հիմա խոստանում է ազնիվ ճանապարհով փրկել Հայաստանը: Ինչպե՞ս հավատալ նրա ազնվությանը:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում