«Հանրապետություն» կուսակցության հետ ստորագրված այս հուշագիրը նշանակում է, որ Երեւան քաղաքի կառավարումը ՔՊ եւ «Հանրապետություն» խմբակցությունները իրականացնելու են միասին, ինչը նշանակում է, որ գործադիրում նշանակումները եւս իրականացվելու են միասին եւ փոխհամաձայնեցված: Կառավարումն իրականացնելու են այս երկու խմբակցությունները միասին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց քիչ առաջ Երեւանի քաղաքապետ ընտրված Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ պաշտոններ են տրվելու «Հանրապետություն» կուսակցությանը եւ արդյոք սա էր այն գինը, որը պետք է վճարեիք համագործակցության համար:
Ճշտող հարցին, թե արդյո՞ք «Հանրապետություն» կուսակցությանը բաժին է հասնելու փոխքաղաքապետի պաշտոնը, Ավինյանն ասաց. «Բոլոր այդ մանրամասները ամեն նիստի հետ հայտնի կդառնան: Մեր ներքին քննարկումների արդյունքում կներկայացնենք բոլոր պաշտոնյաներին, որոնք պետք է ստանձնեն պատասխանատվություն գործադիրում»:
Իր հերթին Երեւանի ավագանիում «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Արտակ Զեյնալյանն ասաց, որ հուշագիրը ստորագրելիս առաջնորդվել են Երևանի, Հայաստանի շահով, Սահմանադրությամբ, ժողովրդական, իրավական պետության հիմնարար սկզբունքներով։
«Գուցե իդեալական տարբերակը չէ, սակայն իշխանություն ունենալն ավելի լավ սահմանադրական վիճակ է, քան իշխանություն չունենալը»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է հարցին, թե պաշտոննե՞րն էին ՔՊ-ին աջակցելու գինը, Զեյնալյանն ասաց՝ պաշտոնը կարկանդակ չէ, ծառայություն է, ծանր աշխատանք, պատասխանատվության ստանձնում. «Եվս մեկ անգամ կրկնեմ, դա շնորհ, պարգև չէ՝ որևէ մեկին տրված։ Դա պատասխանատվության ստանձնում է։ «Հանրապետություն» կուսակցությունը որոշեց ստանձնել այդ պատասխանատվությունը»,-ասաց Զեյնալյանը։