Ամենաքիչ ձայներ հավաքած ՀՀ նախագահի թեկնածուն մինչ ընտրությունները խոսել էր ընտրությունների արդյունքների մասին և հիմա կարծում է, որ այլևս ոչինչ չունի ասելու:

Այս մասին Yerevannews.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ նախագահի թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

«Ես ընտրությունների արդյունքի մասին հայտարարություն տարածել եմ նախապես, որ ընտրությունները կեղծված են: Ես դրա համար ունեմ տվյալներ, որոնք հրապարակել եմ:

Ընտրությունները կեղծված են և այս դեպքում պետք է խոսենք կես միլիոն հավելագրված ձայների մասին: Այն մարդկանց ձայների մասին, ովքեր Հայաստանում չեն և նրանց ձայները կեղծարարների կողմից հավելագրվել են»,-իր խոսքում նշեց Արման Մելիքյանը:

Վերջինս նշեց, որ այսօր չի պատրաստավում մասնակցել Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին, քանի որ այն անիմաստ գործողություն է համարում:

«Ես անիմաստ եմ համարում նման գործողություններին դիմելը, երբ կարող էր կանխավ քայլեր ձեռնարկել, որպեսզի այսպիսի վիճակ չստեղծվեր»,-նշեց Արման Մելիքյանը:

Նշենք, որ Արման Մելիքյանը, ըստ ԿԸՀ-ի հրապարակած նախնական արդյունքների հավաքել է 3520 ձայն կամ 0.24 տոկոս: