Գազայում տեղի ունեցած ջարդը չի կարող արդարացում ունենալ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ելույթ ունենալով Թուրքիայի երիտասարդական հիմնադրամի (TÜGVA) կազմակերպչական հանդիպման ժամանակ, հայտնում է Anadolu-ն։
Նա կոչ է արել աշխարհի բոլոր երկրներին ջանքեր գործադրել խաղաղության հասնելու համար՝ քննադատելով ԱՄՆ դիրքորոշումն այս հարցում։ «Ի՞նչն ավելի հարմար կլինի այնպիսի երկրի համար, ինչպիսին Ամերիկան է: Նա ձգտում է խաղաղությո՞ւն հաստատել, թե՞ կրակի վրա բենզին է լցնում»,- հարցրել է Էրդողանը։
«Գազայում ջուր չկա, հաց չկա, ուտելիք չկա: Սա հակասում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին: Որտե՞ղ է Արևմուտքը: Ի՞նչ միջոցներ են ձեռնարկել մինչ այժմ։ Ոչ մի»: Նշելով, որ ցանկացած պատերազմ պետք է վարվի պատերազմի որոշակի օրենքների համաձայն՝ նախագահ Էրդողանը Գազայի ռմբակոծումը համեմատել է կոտորածի հետ։
Նրա խոսքով՝ պետությունները պարտավոր են ենթարկվել օրենքներին և պատասխանատվություն կրել դրա համար։ «Ի տարբերություն խմբավորումների, պետությունները պարտավոր են հարգել պատերազմի օրենքները և մարդու իրավունքները։ Մենք տեսնում ենք, որ այս գիծն աստիճանաբար վերանում է»։
«Մենք չենք ցանկանում, որ հակամարտությունները տարածվեն մեր տարածաշրջանում: Տարածաշրջանում ձայն և ազդեցություն ունեցողներին կոչ ենք անում նվազեցնել լարվածությունը և կուրորեն չաջակցել որևէ մեկին»,- ընդգծել է Էրդողանը։