ԱՄՆ-ն աջակցում է Իսրայելի գրոհներին Գազայի հատվածում, ուստի Վաշինգտոնը պետք է պատասխանատվություն կրի։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանաանին։

Խոսելով Պաղեստինի աջակցության Իրանի ջանքերի մասին՝ բարձրաստիճան դիվանագետը ընդգծել է, որ Իրանը պաշտպանում է պաղեստինցիների իրավունքները։ «ԱՄՆ-ն պետք է պատասխանատվություն կրի սիոնիստական վարչակարգի հանցագործությունների համար»,- ասել է նա։ Ցանկացած կողմ, որն աջակցում է իսրայելական վարչակարգին, միջազգային պատասխանատվություն է կրում։ Ամերիկյան ավիակիր ուղարկելը տարածաշրջան «ոչ այլ ինչ է, եթե ոչ աջակցություն տիրանին»։ ԱՄՆ-ն արդեն ներգրավված է այս պատերազմում, քանի որ երկրորդ ավիակիրն է ուղարկել եւ «սիոնիստական վարչակարգին» տրամադրել է 8 մլրդ դոլար։

«Իրանը ցույց է տվել, որ միշտ աջակցելու է Պաղեստինին», նշել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ Թեհրանն անհանգստացած է իրավիճակի թեժացմամբ եւ շարունակում է խորհրդակցությունները տարբեր պետությունների հետ։ «Մենք կարծում ենք, որ օկուպացիան ճգնաժամի հիմնական պատճառն է Արեւմտյան Ասիայի տարածաշրջանում, եւ քանի դեռ այդ երեւույթը գոյություն ունի, տարածաշրջանում կպահպանվի լարվածությունը», նշել է Քանաանին։ Նա ավելացրել է, որ ՄԱԿ ԱԽ-ն կարող է կարեւոր դեր խաղալ ճգնաժամի լուծման հարցում, եւ Իրանը բանակցում է Ռուսաստանի եւ Չինաստանի հետ՝ որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամների, այդ նպատակին հասնելու համար։