«Փետրվարի 18-ը ընդվզումի, սեփական  արժանապատվության պետք առնելու   կարևորությունը գիտակցելու օր է»,- այս մասին  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, ով ընտրության օրը եղել էր Գյումրու ընտրատեղամասերում և  հետևել է ընտրական գործընթացներին: Ռուբեն Հակոբյանն այդ օրը համոզվել էր, որ ծնվում է մեծատառով քաղաքացի, ով գիտակցում է իր պատասխանատվությունը.«Ես տեսնում էի, որ քաղաքացին տեղամաս է բերել իր երեխայի ապագայի նկատմամբ պատասխանատվությունը, իր արժանապատվությունը»,-հայտարարեց Աժ պատգամավորը` այս ամենը համարելով Հայաստանի ձեռքբերումը:

Ռուբեն Հակոբյանը վստահ է, որ  երեկ տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով Հայաստանի բոլոր քաղաքներում   հաղթել  է Րաֆֆի Հովհաննիսյանը.«Սա հանուն Րաֆֆիի ընտրություն էր: Ժողովուրդը գալիս էր համակրանքով»,-առանձնացրեց Ռուբեն Հակոբյանն ու հավելեց, որ իրեն զարմացրել է այս ընտրությունների ժամանակ դիտորդական մի առաքելություն, որի անունն է եղել «Ժողովրդավարության ակադեմիա»: Այդ դիտորդները, ինչպես փաստեց պատգամավորը,  ընտրական տեղամասերում իրենց մոտ ֆիքսում էին ընտրություն կատարած քաղաքացիների ցուցակներում ունեցած համարները և դուրս էին հանում ընտրատեղամասից:

«Նախ դրանով իրենք իրենց ցուցակով արձանագրում են, թե ովքեր եկան և պետք է գային, և ովքեր են, որ չեն եկել, որոնց պետք է բերեն: Սա ղեկավարվում էր  ՀՀԿ հայտնի ներկայացուցչի կողմից, որն ուղղակի հանցագործությամբ էր զբաղված` Սուքիաս Ավետիսյան»,- առանձնացրեց Ռուբեն Հակոբյանն ու հավելեց, որ ինքը հետայսու ուշի ուշով  հետևելու է  «Ժողովրդավարության ակադեմիա» դիտորդական առաքելություն իրականացնողների գործունեությանը:

ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավարը զերծ մնաց քաղաքական գնահատական տալուց և ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ժամը 17.00-ին  Ազատության հրապարակում կտա այս ընտրությունների քաղաքական գնահատականը: