Բայդենի վարչակազմը մասնավոր կերպով Իսրայելին կոչ է անում ռազմական արշավ չսկսել Հըզբոլլահի դեմ, քանի որ Վաշինգտոնը փորձում է կանխել ներկայիս պատերազմի տարածումը Գազայի հատվածից դուրս, հաղորդում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ երկու պաշտոնյաների:
ԱՄՆ-ն ընդունում է, որ Իսրայելը պետք է պատասխան տա Հեզբոլլահի հարձակումներին իր հյուսիսային սահմանի վրա հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի շոկային հարձակումից հետո, բացատրում են պաշտոնյաները:
Սակայն լիբանանյան ահաբեկչական խմբավորման կողմից կրկնվող հարձակումները և այն փաստը, որ Իսրայելը չկարողացավ կանխատեսել ՀԱՄԱՍ-ի դաժան հարձակումը Գազայի հատվածից, ակտիվացրել են քննարկումները, թե արդյոք Իսրայելը պետք է պայքար մղի Հեզբոլլահի դեմ՝ իր առավելությունը պահպանելու համար:
Նման խոսակցությունները անհանգստության աղբյուր են դարձել Միացյալ Նահանգների համար, որը մասնավոր կերպով և հրապարակայնորեն զգուշացրել է Հեզբոլլահին և Իրանին՝ չպատերազմել Իսրայելի հյուսիսային ճակատում, ասել են պաշտոնյաները:
Պաշտոնյաները ավելացրել են, որ Միացյալ Նահանգները նախազգուշացրել է Իսրայելին զգույշ լինել Հեզբոլլահի կրակին իր ռազմական պատասխանում՝ բացատրելով, որ Իսրայելի պաշտպանության բանակի սխալը Լիբանանում կարող է շատ ավելի լայնածավալ պատերազմի պատճառ դառնալ:
Բայդենը վերջին օրերին ազդարարել է Իսրայելին, որ եթե Հեզբոլլահը պատերազմ սկսի Իսրայելի դեմ, ԱՄՆ-ի զինվորականները կմիանան Իսրայելի պաշտպանության բանակին ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում, ասում են պաշտոնյաները:
Բայց Իսրայել կատարած իր համերաշխության կարճատև այցից հետո լրագրողների հետ զրույցում Բայդենն ասել է, որ «երբեք չի ասվել», որ ԱՄՆ-ն կմիանա, եթե Հեզբոլլահի հետ ճակատ բացվի:
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին ավելացրել է, որ «մտադրություն չկա» մարտերի մեջ ներգրավել ԱՄՆ զինված ուժերին, սակայն ԱՄՆ-ն ունի իր «ազգային անվտանգության շահերը», և «մենք կպաշտպանենք դրանք, եթե անհրաժեշտ լինի»:
Քիրբին ասել է, որ անցած շաբաթ Պենտագոնի կողմից Միջերկրական ծովի արեւելյան հատված ուղարկված 2 ավիակիրները պետք է «զսպեն» տարածաշրջանում իսրայելական և ամերիկյան հակառակորդներին «գործողություններ ձեռնարկելուց»: «Սա բավարար և վստահելի ռազմական ուժ է», - ասել է Քիրբին՝ հավելելով, որ եթե Բայդենը «որոշի, որ այդ ուժը պետք է օգտագործվի մեր շահերը պաշտպանելու համար, մենք դա կանենք»։