Համաձայնեցվել են 3 հիմնական սկզբունքները, որոնք կարող են նպաստել խաղաղության հաստատմանը եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2024թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 30-ին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, եթե կողմերը հետեւեն այդ սկզբունքներին, խաղաղության պայմանագրի ստորագրումը իրական կդառնա։ «Առաջին սկզբունքն այն է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ընդ որում՝ այն ըմբռնմամբ, որ ՀՀ տարածքը կազմում է 29 800 քառակուսի կիլոմետր, իսկ Ադրբեջանինը՝ 86 600»,- ասել է Փաշինյանը։
Իսկ երկրորդ սկզբունքը, նրա խոսքով, այն է, որ Ալմաթիի հռչակագիրը, պլանի համաձայն, պետք է դառնա սահմանազատման եւ պետական սահմանի հետագա սահմանագծման քաղաքական հիմք։
Երրորդ սկզբունքը տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների բացումն է։ Դա, վարչապետի հավաստմամբ, պետք է տեղի ունենա ինքնիշխանության, իրավադատության եւ օրենսդրության փոխադարձ հարգման սկզբունքներով։